Իլոն Մասկ. Մարս հասնելը գլխավորը չէ․ Հիմնական հարցը բազայի կառուցումն է

SpaceX-ը մշակում է հաջորդ սերնդի իր Starship հրթիռը, որպեսզի մի գեղեցիկ օր տասնյակ մարդիկ կարողանան տիեզերք թռչել, սակայն ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկն ընդգծել է, որ Starship-ը դեռ շատ փուլեր պետք է անցնի՝ մինչեւ կարողանա ուղեւորներ ընդունել, հայտնում է CNBC-ը:

«Մենք նախ պետք է այս իրին ստիպենք աշխատել՝ ավտոմատ կերպով արբանյակներ տանել եւ արբանյակների հետ կապված հարյուրավոր առաքելություններ կատարել՝ նախքան մարդկանց հրթիռ ուղարկելը»,- ասել է Մասկը՝ ելույթ ունենալով People to Mars վիրտուալ համաժողովում:

Starship-ն ընկերության գլխավոր գերակայությունն է, քանի որ Մասկը ցանկանում է ստեղծել բազմակի օգտագործման հրթիռային համակարգ, որը կարող է միանգամից բեռներ կամ 100 մարդ տեղափոխել: Չնայած SpaceX-ի Falcon հրթիռների ներկայիս շարքը մասամբ կարելի է կրկին օգտագործել, Մասկը հուսով է, որ Starship-ը տիեզերական ճանապարհորդությունները կվերածի ավելի մեծ բանի, քան կոմերցիոն ավիաթռիչքներն են։

Երբ 2019-ի սեպտեմբերին Մասկը ներկայացրեց Starship-ի նախատիպը, նա հույս ուներ, որ SpaceX-ը կարող է հրթիռը ուղեծիր դուրս բերել այս տարվա մարտին, եւ նույնիսկ մարդկանց տանել 2020-ին: Բայց դրանից հետո նրա տրամադրությունը փոխվել է, քանի որ նա զգուշացրել է, որ ուղեծիր դուրս գալը «կարող է չաշխատել», քանի որ SpaceX-ը գտնվում է «չհետազոտված տարածքում»: Նա այժմ ակնկալում է, որ առաջին Starship փորձարկման ուղեծրային թռիչքները տեղի կունենան հաջորդ տարվանից ոչ շուտ:

«Ոչ ոք երբեք չի ստեղծել լիովին բազմակի օգտագործման ուղեծրային հրթիռ»,- ասել է Մասկը:

Նա ասել է, որ SpaceX-ը դեռ շատ աշխատանք ունի անելու Starship-ի սրահում եւ ներքին հարդարանքում՝ ուղեւորների համար: Հատկանշական է, որ Մասկն ընդգծել է, թե SpaceX-ը «կյանքի ապահովման բարդ համակարգ ստեղծելու» փորձ ունի: Crew Dragon պարկուճն այս ամռանը NASA-ի երկու տիեզերագնացներին հաջողությամբ տեղափոխեց Միջազգային տիեզերակայան եւ հետ վերադարձրեց Երկիր:

Մասկը հայտարարել է, որ ընկերությունը «այս շաբաթ» կսկսի կառուցել գերհզոր արագացուցչի առաջին նախատիպը: Super Heavy-ն Starship հրթիռի մեծ ստորին մասն է, որի մեջ տեղադրված են շարժիչների մեծ մասը, եւ որն օգտագործվում է արձակման սկզբում։

Մոտ ապագայում SpaceX-ը նախատեսում է Starship-ը արձակել երկրագնդի ցածր ուղեծիր, այնուհետեւ դեպի Լուսին: Բայց Մարսը մնում է Մասկի երկարաժամկետ նպատակը: Ընկերությունը կհասնի Կարմիր մոլորակ՝ «պայմանով, որ մենք բավականաչափ ժամանակ կունենանք»,- ասել է Մասկը:

«Եւ ես կարծում եմ, որ Մարս հասնելը գլխավորը չէ: Հիմնական հարցը բազայի կառուցումն է, Մարսի վրա ինքնաբավ քաղաքի կառուցումը»,- ասել է Մասկը: «Մենք պատրաստվում ենք կառուցել վառելիքի արտադրության գործարան՝ Մարսի սկզբնական բազան՝ Ալֆա բազան, այնուհետեւ այն բերենք ինքնուրույն վիճակի: Ես ուզում եմ ընդգծել, որ դա շատ դժվար, վտանգավոր ու բարդ գործ է եւ թույլ նյարդեր ունեցողների համար չէ»,- հավելել է նա: «Հավանականություն կա, որ կմեռնես, որ հեշտ չի լինի, բայց հրաշալի կլինի, եթե ամեն ինչ ստացվի»:

news.am