Ջրի սղության պատճառով Բեյրութում բազմաթիվ ընտանիքներ հուսահատ վիճակում են. ՅՈՒՆԻՍԵՖ

Ջրի սղության պատճառով Բեյրութում բազմաթիվ ընտանիքներ հուսահատ վիճակում են. ՅՈՒՆԻՍԵՖ

Jur chka

Լիբանանում դեռևս լուծված չէ պայթյունի հետևանքով առաջացած ջրի խնդիրը: Ծանր իրավիճակում են հատկապես այն 300 000 մարդիկ, այդ թվում՝ մոտ 100 000 երեխա, որոնց տները պայթյունի հետևանքով վնասվել կամ ավերվել են: Նրանք զրկված են մաքուր ջրից և սանիտարահիգիենիկ ծառայություններից՝ ահազանգում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Վիճակը վատթարացել է հատկապես Բեյրութի մերձակա շրջաններում, որտեղ վնասվել են պայթյունին մոտ գտնվող բազմաթիվ շենքերի ջրամբարներն և ջրահեռացման համակարգերը։ Տուժած գոտիներում ջրամատակարարման ցանցից ամբողջությամբ անջատվել է շուրջ 130 շենք, վնասվել են ավելի քան 500 բնակելի շենքերի ջրամատակարարման համակարգերը։
 
«Քանի որ կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են աճել, ավելի քան երբևէ, կարևոր է պայթյունից տուժած, կյանքերը տակնուվրա եղած ընտանիքներին և երեխաներին ապահովել մաքուր ջրով և սանիտարահիգիենիկ պայմաններով»,- նշել է Լիբանանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուկի Մոկուոն: «Երբ համայնքներին հասանելի չեն այս կենսական ծառայությունները, ջրի սղությամբ պայմանավորված հիվանդությունների, այդ թվում՝ կորոնավիրուսի տարածման հավանականությունը կարող է ձայնի արագությամբ աճել», — ավելացրել է նա:
 
Այն տներում, որտեղ ջրատարը չի հասնում, մտահոգիչ է ոչ միայն խմելու ջրի, այլև ջրահեռացման խնդիրը: Դժվարություններ են առաջանում նաև շշալցված կամ ցիստեռներով ջուր գնելու հարցում, քանի որ բարձր ջերմաստիճանին զուգահեռ հնարավոր է ջրի արժեքի բարձրացում:
 
Պայթյունից անմիջապես հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ գործընկերների և ջրամատակարարման ծառայությունների հետ գնահատել է ենթակառուցվածքին հասցված վնասը: Beirut Mount Lebanon BML Water Establishment ջրմուղ ընկերությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ վերականգնել է ավելի քան 100 շենքերի ջրամատակարարման համակարգերը, տեղադրվել են անհրաժեշտ 3300 ջրի բաքերից 570-ը:
 
Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ջրով է ապահովել առաջինը օգնության հասած ջոկատներին և տուժած ընտանիքներին, տրամադրել է ավելի քան 4340 հիգիենայի հավաքածու և 620 մանկական հանդերձանք: ՅՈՒՆԻՍԵՖ-ի օգնությամբ ցիստեռներով ջուր է մատակարարվել 20 տնային տնտեսությունների և Լիբանանի Կարմիր խաչի երեք կենտրոնների: Սա հատկապես կարևոր է, քանի որ օճառով հաճախ լվացվելը կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտ պայմաններից է:
 
«Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը տուժած երեխաներին ու ընտանիքներին, ինչպես նաև առաջնագծում աշխատողներին մաքուր ջրով ապահովելն էր,- նշել է Յուկի Մոկուոն: — Համագործակցելով համապատասխան մարմինների և մեր գործընկերների հետ` մենք կարողացել ենք աջակցել ավելի քան 6650 երեխաների և նրանց ընտանիքների։ Բայց ավելին անելու կարիք կա, իսկ ժամանակը չի սպասում»:
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում է տեղի հազարավոր երիտասարդների անհրաժեշտ հմտություններով զինելու ուղղությամբ, որպեսզի նրանք ևս երկրի վերակառուցման գործում իրենց դերն ունենան, այդ թվում՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի պահմանման և նորոգման գործում։