SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Թովմասյանի որոշմամբ ձերբակալվել են Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի բնակիչներ, 21-ամյա Տիգրան Տիգրանյանը և 54-ամյա Վարդան Տիգրանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ովքեր կասկածվում են օգոստոսի 31-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում խուլիգանություն կատարելու մեջ, որի ժամանակ հնչել էին պայթյունի և կրակոցի ձայներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցի 7-րդ շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն փողոցի բնակիչներ, 23-ամյա Հրաչյա Տիգրանյանի, 21-ամյա Տիգրան Տիգրանյանի և 54-ամյա Վարդան Տիգրանյանի, Երևան քաղաքի Շարա Տալյանի փողոցի բնակիչ, 50-ամյա Աշոտ Սարգսյանի, Երևան քաղաքի Այգեստան փողոցի բնակիչներ, 34-ամյա Հովհաննես Ավետիսյանի և 35-ամյա Տիգրան Ավետիսյանի, ինչպես նաև ոմն Դավիթի միջև: Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Տ. Ավետիսյանը պայթեցրել է իր մոտ եղած ինքնաշեն պայթուցիչը, որի հետևանքով Հ. Ավետիսյանին պատճառվել է մարմնական վնասվածք: Պարզվել է նաև, որ ծեծկռտուքը ուղեկցվել է մասնակիցների կողմից հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, որի ժամանակ հնչեցվել են սեռական բնույթի հայհոյանքներ և միմյանց հարվածելով պատճառվել են մարմնական վնասվածքներ: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր, փայտե մահակ և 2 ինքնաշեն պայթուցիկ: Քննիչերը պարզել են նաև, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Հ. Ավետիսյանը «աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածք» վնասվածքով: Ոստիկաններն ու քննիչները ժամեր անց, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների հետ, տաք հետքերով խուլիգանություն կատարելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են բերման ենթարկել Տ. Տիգրանյանին, Վ. Տիգրանյանին, Ս. Տիգրանյանին, Այգեստան փողոցի բնակիչ, 42-ամյա Արթուր Հարութունյանին, Սարի Թաղի բնակիչ, 55-ամյա Արթուր Հովհաննիսյանին, Ա. Սարգսյանին, Երևան քաղաքի Գալշյան փողոցի բնակիչ, 23-ամյա Համլետ Խաչատրյանին: Նշված անձինք ստորագրությամբ բաց են թողնվել իսկ Տ. և Վ. Տիգրանյանները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 31-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ էին հնչել: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի մեծ թվով ծառայողներ: Օպերատիվորեն ժամանել էր նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 02 բրիգադը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ: Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները (կարմիր բերետները): Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 34-ամյա տղամարդ էր, ով ուներ բազմաբեկորային վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com