Ժողովուրդ, եկեք պատրաստվենք պատերազմի, բանակցություններ չեն լինելու. ԱՀ նախագահը պատրաստ չէ պարտվողական կեցվածք ընդունել

«Ժողովուրդ, եկեք պատրաստվենք պատերազմի, ոչ թե քննարկենք բանակցությունների թեման: Բանակցություններ չեն լինելու, չեմ տեսնում։ Այնպիսի թշնամի, հակառակորդ ունենք, որը Հայաստանի Հանրապետության սահմանի նկատմամբ ոտնձգություն է կատարել, ավելի ճիշտ՝ հարձակում է գործել, դա եղել է մարտական գործողություն». այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ անիմաստ է համարում բանակցությամբ Արցախի հարցի լուծման որեւէ տարբերակի քննարկում:

«Ի՛նչ քննարկես մի հակառակորդի հետ, ով հայտարարում է, որ խփելու է ատոմակայանի վրա, Ստեփանակերտը պետք է ադրբեջանական դառնա։ Ի՞նչ քննարկենք: Ես քննարկելու նպատակ եւ ցանկություն չունեմ այդ տրամադրվածությունն ունեցող հակառակորդ երկրի ղեկավարության հետ։ Երբ այդ երկիրը նպատակադրված լինի կամ ցանկություն ունենա բանակցելու, այն ժամանակ կքննարկենք, բայց նորից ուզում եմ անդրադառնալ, որ անվտանգությունը քննարկման թեմա չէ։ Ցանկացած բանակցության թեմա կամ քայլ, որը վնասելու է մեր անվտանգությանը, դա նշանակում է պարտվողական կեցվածք, իսկ ես պատրաստ չեմ պարտվողական կեցվածք ընդունելուն. հակառակը»,- հայտարարեց նախագահը։

 

 

 

 

armtimes.com