«Քանի որ Հայաստանում համավարակի տարածման տեմպերը դեռ այն մակարդակի չեն, որ հնարավոր լինի վերացնել բոլոր սահամանփակումները, անհրաժեշտ կլինեն որոշ օրենքներ, որոնք հնարավորություն կստեղծեն վերահսկողություն հաստատել»,- հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով արտահերթ նստաշրջանում ներկայացված օրենսդրական նախագծերը:
Ըստ նրա՝ վարակվածների թիվը նվազում է, սակայն դեռ կան բավական թվով վարակակիրներ: «Այնուամենայնիվ կպահպանվի դիմակի կրման ռեժիմը, իսկ թե ինչ խստությամբ, ինչ ռեժիմով՝ կսահմանի Կառավարությունը իր հատուկ որոշմամբ»,- նշեց Մակունցը:
Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ անտեղի է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները կապել քաղաքական գործընթացների հետ: Մակունցը շեշտեց՝ ընդիմադիր քաղաքական ուժերը հանրահավաքներից բացի ունեն այլ հարթակներ ու հնարավորություններ իրենց խոսքը հանրությանը հասանելի դարձնելու համար: