ՏՄՊՊՀ-ն կարճել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն առաջարկներ են ներկայացվել
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ կարճվել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի նախագահի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը:
«Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն, որը www.dasaran.am կայքի միջոցով տրամադրում է էլեկտրոնային մատյանի, օրագրի և դրա հետ կապված մի շարք այլ ծառայություններ, դիմում էր ներկայացրել հանձնաժողով ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հայտնելով, որ նախարարության և նրա պաշտոնատար անձանց կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք միտված են եղել Dasaran հարթակը շուկայից դուրս մղելուն։ Ըստ դիմումատուի՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի («ԿՏԱԿ») Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) շրջանակում առաջարկվող էլեկտրոնային մատյանի առցանց ծառայությունը 2020 թվականի մարտից պարտադրվել է հանրակրթական դպրոցներին, տնտեսվարողների նկատմամբ սահմանվել և կիրառվել են խտրական պայմաններ՝ սահմանափակելով մրցակցությունը:
Վարույթի արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործողություններն ու վարքագիծը չեն կարող որակվել որպես պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող: Մասնավորապես, նախարարության կողմից մատյանի լրացման հետ կապված գործունեությունը չի հանդիսանում ձեռնարկատիրական գործունեության առարկա, այդ առումով «ԿՏԱԿ»-ը չի հանդիսանում տնտեսավարող սուբյեկտ, հետևաբար մատյանները Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) միջոցով վարելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիրքորոշումը չի կարող ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի և «ԿՏԱԿ»-ի միջև:
Միաժամանակ հանձնաժողովն արձանագրել է, որ էլեկտրոնային մատյաններում առկա տեղեկություններն օգտագործելու միջոցով հնարավոր է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործունեությունը չի ներառվում վարչական ռեգիստրների վարման և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացներում: Այս պարագայում էլեկտրոնային մատյանների միջոցով ստացվող տեղեկությունները միայն «ԿՏԱԿ»-ի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով օգտագործվելու դեպքում «ԿՏԱԿ»-ը կունենա մենաշնորհ դիրք, որը օրենքով նախատեսված չլինելու պայմաններում անթույլատրելի է:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության կատարելագործման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ-ին առաջարկել է դիտարկել տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ «ԿՏԱԿ» ՊՈԱԿ-ի համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ էլեկտրոնային մատյաններում ներառվող տեղեկությունները ստանալու հնարավորություն ընձեռելու հարցը՝ հստակ տարանջատելով այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու սահմանները և պայմանները վարչական ռեգիստրների վարման գործառույթի և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացում ներառվող գործունեության իրականացումից:
Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ⤵️⤵️
http://competition.am/uploads/resources/Vo325_01_09_2020.pdf :
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով