«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների պաշտպանները դատարանին միջնորդեցին դատավարական կարգավիճակից զրկել մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին և նրանց ներկայացուցիչներին:
Նրանց դիտարկմամբ՝ առաջադրված մեղադրանքում որևէ խոսք չկա մարտի 1-ի սպանությունների մասին, և գործի անջատված մասում չկա ներգրավված որևէ տուժող։
Մեղադրող կողմն առարկեց ներկայացված միջնորդությանը:
Լսելով պաշտպանական և մեղադրող կողմերի պարզաբանումները՝ դատավոր Դանիբեկյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ նշելով, որ այն հիմնավորված չէ, դատարանն իրավունք չունի դադարեցնելու տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների դատավարական կարգավիճակը, ուստի նրանք կշարունակեն մասնակցել դատական նիստերին:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատարանի որոշումը հագեցած էր իրավական տերմինաբանությամբ, բայց իրավական բովանդակությունից զուրկ էր, անտրամաբանական և իրարամերժ:
Հաջորդիվ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դռնփակ նիստում քննարկել իրենց պաշտպանյալի գույքի արգելանքի հետ կապված հարցը: Դատարանը բավարարեց միջնորդությունն ու անցավ դռնփակ ռեժիմի:
1lurer.am