ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները նոր բացահայտում են արել եւ ԿՈՇ ՔԿՀ նախկին պետ Լևոն Բաղդասարյանի մասով: Մասնավորապես, Գրիգոր Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ԱՆ Կոշ ՔԿՀ-ի պետ Լ․ Բաղդասարյանի 2018թ․-ի մարտի 28-ի թիվ 38-Ա հրամանով նշանակված լինելով նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետի պաշտոնում, մինչև 2019թ․-ի սեպտեմբերի 25-ը՝ ըստ հաստիքային ցուցակի ստանալով աշխատավարձ և պարգևավճարներ, Լ․ Բաղդասարյանի գիտությամբ և ցուցումով չի կատարել այդ պաշտունում իր պարտականությունները, դրա փոխարեն իրեն կցված ավտոմեքենայով կատարել է Լ․ Բաղդասարյանի անձնական վարորդի պարտականությունները։ Այդպիսով՝ միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակով, Գրիգոր Առաքելյանն օժանդակել է պետական գույքի խոշոր չափերով վատնմանը, այն է՝ 2406020 ՀՀ դրամ։
Ինչպես հայտնի է, 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Ազգային անվտանգության ծառայությունը «Կոշ» ՔԿՀ պետ Լյովա Բաղդասարյանին կաշառքի գործով ձերբակալեց, սակայն ավելի ուշ նա ազատ արձակվեց: Այս գործը դատարանում է: Նշենք, որ Լյովա Բաղդասարյանը հայտնի է նաեւ Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՀՔԾ է կանչվել որպես տուժող 2010 թվականին «Կոշե քրեակատարողական հիմնարկում իր դեմ իրականացված հարձակման գործով: Իսկ, ահա, այդ ժամանակ «Կոշ» ՔԿՀ պետ է եղել Լյովա Բաղդասարյանը: