Գյումրիում սեպտեմբերի 15-ին մեկնարկել են Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի գործարկմամբ՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելը կդառնա դյուրին, տնտեսվարողները կօգտվեն ծառայություններից «մեկ պատուհան» սկզբունքով, իսկ «մաքսային մարմին-տնտեսվարող» փոխգործակցությունը տեղափոխվում է նոր և ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա։
Բացման արարողությանը մասնակցում էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ կենտրոնի գործարկումը բեկումնային կլինի մաքսային մարմնի հետագա զարգացման և ռազմավարական թիրախային ուղղությունների սահմանման համար։ «Վստահ եմ, որ այս կենտրոնի գործարկումը նոր թափ է հաղորդելու պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների աշխատանքին և բեկումնային է լինելու մաքսային մարմինների հետագա թիրախային ռազմավարական ուղղությունների զարգացման համար: Այսպիսով, արտաքին տնտեսական գործունեության բացմամբ կարող ենք հավաստել, որ մաքսային մարմին- տնտեսվարող փոխգործակցությունն անցնում է նոր ու ժամանակակից հարթակ՝ հիմնված արդիականացված ենթակառուցվածքների ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումների վրա: Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը նշանակալի քայլ է մաքսային մարմնի բարձր որակ ապահովող, հաճախորդակենտրոն մոդելի ներդրմամբ: Նախատեսում ենք հետագայում ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակը՝ հիմնվելով կարիքների ու բիզնես գործընթացների առավելագույն օպտիմալացման վրա »,- նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առայժմ կենտրոնը կծառայի որպես հյուսիսային մաքսատուն վարչություն՝ իրականացնելով վարչության համապատասխան գործառույթները և կկենտրոնանա հյուսիսային դարպասներով արտահանումներին վերաբերող մաքսային ձևակերպումների վրա:
Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծմամբ հնարավորություն է ընձեռվում ապահովել «մեկ հարկի տակ» ծառայությունների մատուցում՝ մի կողմից ապահովել կենտրոնում ԱՏԳ գործառնություններին առնչվող մարմինների ֆիզիկական տեղակայում, մյուս կողմից՝ իրականացնել էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառմամբ ծառայությունների մատուցում։ Նման մոտեցման ներդրմամբ նախատեսվում է ստեղծել սերտ համագործակցության հարթակ մաքսային, թույլատրող փաստաթղթեր տրամադրող և ԱՏԳ գործունեությանն առնչվող պետական այլ մարմինների միջև: Այն հնարավորություն կընձեռի ապահովել սահուն գործընթացներ տնտեսվարողների համար` բացառելով տնտեսվարողի կողմից տարբեր գերատեսչություններ ներկայանալու, փաստաթղթերը և տեղեկատվությունը բազմակի ներկայացնելու անհրաժեշտությունը:
Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսից: Կենտրոնի կառուցման համար մինչև այժմ պետբյուջեից հատկացվել է շուրջ 5 մլրդ դրամ: Երկրորդ փուլով կառուցումը շարունակելու նպատակով ընթանում են նախագծման աշխատանքներ, որոնց ավարտից հետո պարզ կլինի երկրորդ փուլի համար նախատեսվող գումարի չափը: ԱՏԳ սպասարկման կենտրոնն ամբողջությամբ շահագործման կհանձնվի 2022թ.:
Արմենուհի Մխոյան