Վեներայի մթնոլորտում հավանական կյանքի հետքեր են հայտնաբերվել

 Պրոֆեսոր Ջեյն Գրիվզի ( Քարդիֆի համալսարան ) ղեկավարությամբ աշխատող գիտնականների միջազգային խումբը, օգտագործելով ԱՄՆ-ում գտնվող James Clerk Maxwell աստղադիտակը և Չիլիի ALMA ռադիօաստղադիտարանը, Վեներայի մթնոլորտի վերին շերտերում՝ 53-61 կմ բարձրությունների վրա, հայտնաբերել է ֆոսֆին`РН3։ Այս մասին պատմող հոդվածը հրապարակվել է Nature Astronomy գիտական ամսագրում։

Ֆոսֆինը ֆոսֆորի և ջրածնի թունավոր միացություն է, որը նորմալ պայմաններում անգույն է։ Երկրի վրա ֆոսֆինն արտադրվում է միայն արդյունաբերական ձեռնարկությունների և անաէրոբ օրգանիզմների ( իրենց զարգացման և կենսագործունեության համար թթվածին չեն պահանջում ) կողմից։ Սա նշանակում է, որ եթե հաշվի ենք առնում Վեներայի վրա արդյունաբերական գործարանների բացակայության փաստը, ապա հավանական է դառնում այդ նյութի՝ անաէրոբ օրգանիզմների կողմից առաջանալը։

Վեներայի մթնոլորտում առկա ֆոսֆինի մոլեկուլները՝ նկարչի պատկերացմամբ
ESO / M. Kornmesser / L. Calçada & NASA / JPL / Caltech

Հետազոտությունները ցույց են տվել, որ մոլորակի մթնոլորտի վերին շերտերում մեկ միլիարդ մոլեկուլներից 20-ը ֆոսֆինի մոլեկուլներ են, ինչը փոքր թիվ չէ։ Պարզ է դարձել նաև, որ ֆոսֆինի մոլեկուլները շատ արագ ոչնչանում են արևային լույսի և Վեներայի մթնոլորտում առկա ծծմբական թթվի ներգործության միջոցով։ Եթե դիտարկենք այն վարկածը, ըստ որի ֆոսֆինն ինչ-ինչ գործընթացների արդյունքում Վեներայի վրա է հայտնվել միլիոնավոր կամ միլիարդավոր տարիներ առաջ, ապա վերոնշյալ ներգործությունների արդյունքում այն արդեն պետք է վերացած լիներ։ Սա նշանակում է, որ մոլորակի վրա կա ֆոսֆինի արտադրության կայուն աղբյուր, որը մշտապես լրացնում է պակասող պաշարները։

Ըստ հետազոտության ղեկավարի՝ դեռևս վաղ է խոսել այն մասին, որ մոլորակի մթնոլորտում առկա ֆոսֆինն արտադրվում է միկրոօրգանիզմների կողմից, սակայն, եթե գիտնականներին չհաջողվի այդ թունավոր նյութի արտադրման այլ աղբյուր գտնել, ապա կարող է տեղի ունենալ սենսացիա և Վեներան, հնարավոր է, դառնա արեգակնային համակարգի առաջին մոլորակը, որի վրա ոչ երկրային կյանք է հայտնաբերվել։

2 իրական լուսանկար Վեներայի մակերեսից՝ արված խորհրդային «Венера» շարքի սարքավորումների կողմից

Գիտական խումբը նաև դիտարկել է ֆոսֆինի արտադրման այլ հավանական վարկածներ ևս, օրինակ՝ մոլորակի հրաբխային և տեկտոնական ակտիվություն, արեգակնային քամի, կայծակներ, երկնաքարերի հարվածներ։ Բոլոր այս դեպքերում ֆոսֆինի քանակը պետք է անհամեմատ ցածր լիներ այժմյան ցուցանիշներից։

Գրիվզի ղեկավարությամբ աշխատող գիտնականների աշխատանքը կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս պահին կանգ է առել, սակայն մասնագետները հարմար պահի են սպասում՝ բացահայտելու Վեներայի մթնոլորտում Ֆոսֆինի առկայության գաղտնիքները։

Դե ինչ, սպասենք։ Հնարավոր է՝ առջևում մեզ բավականին լուրջ բացահայտումներ են սպասվում:

 

focus-space.blog