Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է, որն արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի. Փաշինյան

Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման` արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ` շուրջ 3.4 միլիոն դոլարի: Այս աճն ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի և մանր եղջերավոր անասունների արտահանումն օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:
 

Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաև աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե, իհարկե, մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու և կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն: Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»: