ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով մասնավորապես սահմանվում է հայրության արձակուրդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց՝ խորհրդարանում ստանալով 116 «կողմ», 1 «դեմ» ձայներ:
Համահեղինակ Ծովինար Վարդանյանը նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ այն հնարավորություն է տալիս նորածինների հայրիկներին երեխայի ծնվելուց հետո 30 օրվա ընթացքում օգտվել 5 աշխատանքային օրվա վճարվող արձակուրդից: Նախագիծը նաև ավելի պաշտպանված է դարձնում մինչև 1 տարեկան երեխա խնամող անձանց աշխատանքային իրավունքները: Սահմանվել է, որ երեխային փաստացի խնամող` արձակուրդում չգտնվող անձի` մինչեւ մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ պաշտոնի անվանման եւ (կամ) տարակարգերի:
Աննա Գրիգորյան