Հակառակորդի կրակոցներից մահացած 29-ամյա Հովիկ Թամազյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ է։ Լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով այսօր հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Թամազյանը։
«Հովիկ Թամազյանն ապրում էր ընտանիքի հետ. ամուսնացած էր, և երկու անչափահաս երեխա (տղա և աղջիկ) ունի` 2018 և 2013 թվականներին ծնված»,–ասաց Ասլանյանը։
Նա հայտնեց նաև, որ զոհված զինծառայողը մեծացել է առանց հայրական խնամքի, և հիմա էլ ապրում էր մոր հետ։