Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքացիական հարցերով պատասխանատու Մեթյու Պետիտը։
Կողմերը նախ անդրադարձել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության արդյունավետությանը։
Շրջակա միջավայրի նախարարության հետ ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցությունն սկսվել է դեռևս 2000 թվականին: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունն իր շարունակական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը ջրային ոլորտի ծառայությունները բարելավելու գործընթացում՝ նպաստելով Հայաստանի ջրային ոլորտի հարմարվողականությանը կլիմայի փոփոխության ազդեցություններին և բարձրացնելով ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը։
Բնապահպանական գերատեսչության և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության համագործակցության արդյունքում 2000 թ. սկսած ջրերի կառավարման բնագավառում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ջրային ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ և օրենսդրական հզորացման ծրագրերի իրականացման շրջանակներում։
Նախարար Պետրոսյանն ու դեսպան Թրեյսին քննարկել են նաև 2015 թ. մեկնարկած «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագիրը, որի նպատակն է գիտական, տեխնոլոգիական, նորարարական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով աջակցել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և ջրօգտագործողների կողմից առաջադեմ փորձի կիրառմանը։ Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար։
Կողմերն անդրադարձել են նաև «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (ՍԻԹԵՍ) թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի ներդրմանը, որը կապահովի գլոբալ առևտրի գործընթացի դյուրինացում և անօրինական առևտրի կանխում՝ հատկապես Կոնվենցիայի կողմ հանդիսացող զարգացող երկրների համար, թույլ կտա կրճատել թույլտվությունների տրամադրման ժամանակահատվածը և կկրճատի ծախսվող ռեսուրսների քանակը, կբարելավի ծառայությունների մատուցման որակ և կկատարելագործի լիազոր մարմինների հսկողական գործառույթները, փոխգործակցությունը և տեղեկատվության փոխանակումը։
Նախարար Պետրոսյանն իր գոհունակությունն է հայտնել համատեղ իրականացվող ծրագրերի որակի վերաբերյալ և առանձնահատուկ շեշտել, որ միջազգային համագործակցությունը Շրջակա միջավայրի նախարարության գործունեության առաջնային ուղղություններից է, և նախարարությունը պատրաստ է հետայսու նույնպես սերտ և գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ նախագծերի իրականացմանն ու նոր ծրագրերի մեկնարկին։