26 տարի առաջ եղած մահվան ելքով միջադեպի համար մեղադրանք է առաջադրվել նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին

Նոր երևան եկած հանգամանքով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Վճռաբեկ դատարանում գտնվող քրեական գործը, որով մեղադրյալի աթոռին է հայտնվել ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:

Մեղադրանքն առաջադրվել է 1961թ. ընդունված քրեական օրենսգրքի 259.1 հոդվածի Բ կետով, որը վերաբերում է զենքին, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտմանը, եթե դրա հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառվել մի քանի անձանց կամ մահացել է տուժողը:

Հրանտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով N զորամասում, որպես վաշտի հրամանատարի տեղակալ՝ կոչումով ավագ լեյտենանտ, 1994թ. ապրիլի 16-ին ժամը 21-ի սահմաններում ոգելից խմիչք օգտագործած վիճակում վիճաբանության, այնուհետև քաշքշոցի ու կռվի մեջ է մտել Էջմիածնի էլեկտրոցանցի տնօրեն Նորիկ Կարապետյանի հետ: Խախտելով զենքի հետ վարվելու կանոնները՝ իրեն ամրացված «Մակարով» տեսակի ատրճանակով Հ. Գրիգորյանը կրակ է արձակել օդ, այնուհետև ստանալով հարված վայր է ընկել և շարունակել անկանոն կրակել տարբեր ուղղություններով: 

Հրանտ Գրիգորյանի արձակած կրակի հետևանքով Մհեր Պողոսյանը ստանալով կյանքի համար վտանգավոր երկու գնդակային հրազենային վնասվածքներ, հիվանդանոցում մահացել է: Մեղադրանքի համաձայն՝ Հրանտ Գրիգորյանը գործով չպարզված ոմն Վաչոյի հետ դեպքի վայրից դիմել է փախուստի վերջինիս «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով:

Հրանտ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:

Նշենք, որ Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը ոստիկանության Վաղարշապատի բաժին 2018թ. հուլիսին հաղորդում էր ներկայացրել հոր հետ կատարվածի մասին: Է. Պողոսյանը նշել էր, որ իր հորը Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում դիտավորյալ սպանել է Հրանտ Գրիգորյանը: 

Դեպքից հետո Պաշտպանության նախարարությունը իրականությանը չհամապատասխանող փաստաթուղթ էր տվել, թե իբր Մհեր Պողոսյանը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս, մինչդեռ Մ. Պողոսյանը զինվորական չի եղել: Նշենք, որ Հրանտ Գրիգորյանը պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:

Կատարվածի համար Հրանտ Գրիգորյանը դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման:

 

hetq.am