ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է մարդկանց ոստիկանության և այլ պետական մարմինների տարածքներում խոշտանգումների, վատ վերաբերմունքի և բռնությունների ենթարկելու վերաբերյալ ստացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում պարտադիր ստուգման առարկա դարձնելու, բոլոր դեպքերին համարժեք իրավական գնահատականներ տալու, իսկ բավարար ապացույցների ձեռքբերման պայմաններում նման արարքներ կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու իր որդեգրած քրեական քաղաքականությունը:
2020թ. հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ստացվել է իրազեկում այն մասին, որ նախորդ օրը ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՁՊՎ ընդունված՝ քրեական գործով մեղադրյալ Ս. Գ.-ի մարմնի արտաքին զննությամբ հայտնաբերվել են վնասվածքներ:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի Աբովյանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման շրջանակներոմ Ս․Գ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ վերը նշված մարմնական վնասվածքների կապակցությամբ չի ցանկանում որևէ հարցի պատասխանել, դրանք ստացել է վայր ընկնելու հետևանքով, իր գործողությունների արդյունքում, սակայն չի ցանկանում ասել, թե որտեղ և ինչ հանգամանքներում: Հայտնել է նաև, որ վնասվածքների կապակցությամբ որևէ բողոք և պահանջ չունի, հրաժարվում է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ խնդրելով նախապատրաստվող նյութերը թողնել անհետևանք:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանությանը՝ համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել Ս․Գ.-ի կողմից մարմնական վնասվածքները ստանալու իրական հանգամանքները և նրա բացատրության իսկությունը: Ստացված գրությամբ հայտնվել է, որ Ս․Գ.-ն ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում պահվելու պատճառով նրա կողմից մարմնական վնասվածքները ստանալու իրական հանգամանքները պարզել հնարավոր չի եղել:
Նյութերով ձեռք բերված փաստական տվյալների գնահատման արդյունքում վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ Ս․Գ.-ն վերը նշված մարմնական վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով և այդ հիմնավորմամբ 2020թ. հունիսի 10-ին որոշում է կայացրել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
2020թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Ս․Գ.-ի դիմումն այն մասին, որ 2020թ. հունիսի 1-ին՝ գիշերը, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և նվաստացրել, ինչի մասին ինքը բարձրաձայնել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ իրեն կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդության քննարկման ժամանակ: Այսինքն՝ Ս․Գ.-ն հայտնել է իր մարմնի վրա հայտնաբերված վնասվածքների առաջացման հանգամանքների վերաբերյալ նոր տեղեկություններ, որոնք նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնի չեն եղել վարույթն իրականացնող մարմնին։
Նկատի առնելով, որ ստացվել են փաստական տվյալներ, որոնք առերևույթ վկայում են պետական ծառայություն իրականացնող համապատասխան անձանց կողմից բռնության զուգորդմամբ իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործության մասին, ինչը ենթակա է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգման քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր որոշմամբ վերացրել է Ս. Գ.-ի մարմնական վնասվածքներ ստանալու կապակցությամբ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել է քրեական գործ:
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նոր տվյալներով պայմանավորված՝ մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ անհրաժեշտ է քրեական վարույթի շրջանակներում, համապատասխան դատավարական կարգավիճակով, մանրամասն հարցաքննել տվյալ անձին, նշանակել դատաբժշկական փորձաքննություն, պարզել վերջինիս բերման ենթարկած ոստիկանության ծառայողներին, միջոցներ ձեռնարկել ոստիկանության համապատասխան բաժնում տեսագրող սարքերի (առկայության դեպքում) անհապաղ առգրավման և քննություն արդյունքներից բխող անհրաժեշտ քննչական, այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ։
Նախաքննություն կատարելու հանձնարարության քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: