ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում 2020 թ. օգոստոսի 10-ին հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել էր «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի և այսպես կոչված «զոն նայող» հանդիսացող «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, տարբեր անձանց կողմից այդ խմբավորումներին մասնակցելու և «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելով մասնավոր խնդրին վերաբերող վեճը լուծելու համար քաղաքացու կողմից դիմելու դեպքեր:
2020 թ. օգոստոսի 13-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել նույն օրը ձերբակալված քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, քրեական աշխարհում «Ալո» մականունով հայտնի «օրենքով գող» Ա. Մ.-ին, իսկ նրա կողմից ղեկավարվող խմբավորման մասնակից, քրեական հեղինակություն համարվող, «Տիզ» մականվամբ հայտնի Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննություն կատարող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, սակայն, քննության արդյունքում մերժել էր միջնորդությունները՝ իրենց մեղսագրվող արարքների կատարմանը նշված անձանց հնարավոր մասնակից լինելու հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ՝ այդպիսով նաև չանդրադառնալով միջնորդված խափանման միջոցի հիմքերին:
2020 թ. օգոստոսի 25-ին ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից վերաքննիչ բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումները և կայացնել նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատական ակտեր:
Քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 8-ի որոշմամբ մասնակի բավարարել է մեղադրյալ Ա.Մ.-ի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկելով նույն դատարան նոր քննության:
ՀՀ վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնավոր է համարել ներկայացված բողոքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հիմնավորումները՝ մեղսագրվող արարքների կատարմանը նշված անձանց հնարավոր առնչություն ունենալու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված լինելու և առաջին ատյանի դատարանի կողմից անհիմն, չպատճառաբանված որոշում կայացրած լինելու վերաբերյալ:
Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ դատարանը գտել է, որ միջնորդության քննության արդյունքում առաջին ատյանի դատարանը համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ փաստական տվյալները բավարար չափով բովանդակային գնահատման չի ենթարկել, առկա մյուս փաստական տվյալները գնահատման է ենթարկել առանձին-առանձին՝ չդիտարկելով դրանք համակցության մեջ, և հաշվի չի առել միջնորդությանը կից ներկայացված բոլոր փաստական տվյալները, ինչի արդյունքում հանգել է գործի նյութերից չբխող հետևությունների:
Իսկ խափանման միջոցի հարցի լուծման ակտ չկայացնելու փոխարեն գործը նոր քննության վերադարձնելու որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանը պայմանավորել է նախաքննական մարմնի ներկայացրած՝ խափանման միջոց կալանավորման հիմքերին առաջին ատյանի դատարանի կողմից անդրադառնալու անհրաժեշտությամբ:
ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավորների այլ կազմով, մասնակի բավարարել է նաև մյուս մեղադրյալի՝ Ա.Ս.-ի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով այն և ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության:
Վերոնշյալ անձանցից բացի, քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս երկու անձի: