Հայաստանում նախատեսվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, որը հնարավորություն կտա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հավաքագրել, ստուգել և վերլուծել պաշտոնատար անձանց ծախսերը, որոնք մինչ այդ չէին արտացոլվում հայտարարագրում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Մարիամ Գալստյանը:
Խոսելով ծախսերի հայտարարագրման ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին, Գալստյանը ասաց, որ շատ հաճախ անօրինական ճանապարհով ստացված միջոցները հնարավոր է օգտագործել այնպիսի եղանակով, որ այն չարտացոլվի հայտարարագրում, օրինակ՝ մի շարք ծառայություններից օգտվելիս, հանգստյան, ուսման համար վճարումներ կատարելիս, ուստի, հայտարարատու անձի ֆինանսական շարժի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է ստանալ տեղեկություններ նաև վերջինիս կողմից կատարված ծախսերի վերաբերյալ:
«Գույքային դրության ստուգման ամբողջական տեղեկատվության հավաքագրումը, դրա հրապարակումը և հանրային վերահսկողության համար անհրաժեշտ գործիքակազմի ներդրումը մեծապես կնպաստի կոռուպցիայի կանխարգելմանը և հնարավոր խախտումների, այդ թվում՝ հանցագործությունների բացահայտմանը»,- ընդգծեց Գալստյանը:
Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի խոսքով` նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ ներառելով համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների պաշտոն զբաղեցնող անձանց:
« Որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում, որոնք են՝ հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության ծախսը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումները, անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը, անձը պարտականություն է կրում դրանք հայտարարագրելու, եթե այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը»,- նշեց Գալստյանը, հավելելով, որ ծախսերի հայտարարագրման վերահսկողությունը իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Ըստ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի` նախագծով նաև սահմանվել է դրույթ, առ այն, որ հայտարարագրման է ենթակա նաև ցանկացած այլ ծախս, եթե դրա միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արժույթը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք տեսանելի են լինելու արտերկրում իրականացված ծախսերը, Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետը նշեց, որ հայտարարագրերի վերլուծության ընթացքում հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ անձանցից պահանջելու և ստանալու հայտարարատուին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ ծառայողական տեղեկություններ, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչպես նաև վարկային բյուրոյից վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն:
«Ընդ որում, հանձնաժողովն իրականացնում է նաև հայտարարագրերի վերլուծության համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող լրատվամիջոցների հրապարակումների կամ անձանց գրավոր դիմումների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն»,- շեշտեց Գալստյանը:
Հարցին, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի հայտարարատուն և ինչ ժամկետներում, Գալստյանը պատասխանեց, որ ծախսերը հայտարարագրելիս նշվում են՝ծախսի տեսակը, կատարված ծախսի բովանդակությունը, ծախսի չափը,ծախսի արժույթը:
«Ծախսերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես և գույքի, եկամուտի և շահերի վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում են մեկ միասնական հայտարարագրում՝ պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման դեպքում՝ 1 ամիս, տարեկան հայտարարագրի դեպքում՝ մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ը:
Նախագծի համաձայն հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը»,- հավելեց Գալստյանը:
Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի խոսքով`եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում ծախսը ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու է՝ հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը 10, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ։
«Հարկ է նշել, որ հայտարարագրման պահանջների խախտման համար նախատեսվում է վարչական կամ քրեական պատասխանատվություն՝ կախված խախտման բնույթից»,- ասաց Գալստյանը:
Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետը ներկայացրեց նաև, թե որ երկրների փորձն են ուսումնասիրել նախագծերի փաթեթը մշակելիս.
«Ծախսերի հայտարարագրման ինստիտուտը ներդնելու նպատակով ուսումնասիրվել է Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ալբանիայի, Լիտվայի, Արգենտինայի և այլ երկրների միջազգային փորձը:Նշված երկրներում, չնայած որոշ տարբերությունների, ծախսերի հայտարարագրումն ուղղված է հիմնականում անշարժ գույքի, կրթության, հանգստի, ֆինանսական պարտավորություններից բխող, ինչպես նաև այլ գույքային իրավունքների և ծառայությունների ձեռքբերմանն ուղղված ծախսերի հայտարարագրմանը։ Երկրների մեծամասնությունում հայտարարագրման են ենթակա նաև հայտարարատուների մերձավոր ազգականների կողմից իրականացվող ծախսերը։ Նման կառուցակարգն ուղղված է հայտարարագրման առավել արդյունավետ համակարգի ձևավորմանը։ Նախագծերի փաթեթը մշակվել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում, ներգրավվել է հայտարարագրման ոլորտի միջազգային փորձագետ, որոնց հետ համատեղ կազմակերպվել են քննարկումներ պետական տարբեր գերատեսչություններում, քննարկվել են նախագծի առանցքային ուղղությունները»:
Արդարադատության նախարարությունը օրենքի փոփոխությամբ ակնկալում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը:
«Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է»,- եզրափակեց Գալստյանը:
Կարեն Խաչատրյան