50 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, նրանց թվում՝ երկու հղի. «Փաստինֆո»

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մոտավորապես 50 անձ աղեստամոքսային խանգարում է ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է բժշկական կենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Ավելի վաղ հաղորդվել էր թունավորման 33 դեպքի մասին։

«Անգամ երեկվա դրությամբ բոլորը լավ էին զգում ու ավելի շատ գործ ունենք սննդային խանգարման հետ, որովհետև մարդիկ ջերմություն չեն ունեցել, աղիներն է խանգարվել։ Պարզվեց, որ ավելին է թիվը, որովհետև մարդիկ կային, որոնք արդեն հերթափոխը հանձնելուց հետո գնացել էին։ Զանգահարել ենք, իմացել, որ փորլուծություն ունեն։ Ուսումնասիրություն արեցին մեր համաճարակաբանները՝ պարզվեց դեպքերը մոտ 50-ն են, որից ութը պացիենտ, 42-ը՝ բուժաշխատողներ են»,- լրատվականին ասել է Ծովինար Խաչատրյանը։

Հաշվի առնելով, որ բոլորը նույն գանգատներն են ունեցել, մասնագետները սննդի հիմքով են ուսումնասիրություն սկսել։ Ծովինար Խաչատրյանը կարծում է, որ չէին կարող միանգամից բոլորը մրսել։ Վարկածն ի սկզբանե սննդի հիմքում է դրված եղել։
«Երբ հիվանդանոցը վերածվեց ինֆեկցիոնի,կանոններից էր՝ արգելել դրսից սնունդ բերելը։ Քանի որ մեր մոտ կար «Արտ Լանչ», մենք ռեսուրսն ունեինք՝ շարունակելու համագործակցությունը ընկերության հետ: Անձնակազմին երեքանգամյա սնունդ է հասնում, երեխաներին ու հղիներին՝ 4 անգամ։ Սննդի մատակարարումը նորմալ եղել է, իր հունով գնացել է, ուշացումներ չեն եղել։ Հիմա դեպքը տեղի է ունեցել, որն ուսումնասիրվում է»։
 

Անդրադառնալով «Արտ Լանչ» սննդի ցանցի համահիմնադիր Բակուր Մելքոնյանի գրառմանը՝ թե ինքն ուզում է, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ պարզվեց, որ մեղավորը «Արտ Լանչ»-ը չէր, այլ՝ մատակարար մի կազմակերպություն, «բայց դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում»: 

Բժշկական կենտրնի խոսնակը տեղեկացրել է, որ տնօրենի Ֆեյսբուքյան գրառումը տեսել է, իրենք «Արտ Լանչի» անունը չեն տվել։

«Քանի որ այս պահին ուսումնասիրություն է գնում և եթե նկատել եք, առողջապահության նախարարությունն էլ տարածեց հայտարարությունը՝ Արտ Լանչի անունը չենք գրել՝ ելնելով նրանից, որ դեռ ոչինչ պարզ չէ։ Մնացածը ցույց կտա ուսումնասիրությունը։ Ունենք միայն ենթադրությունների ֆոն, որովհետև դեպքերը մոտ 50-նն են»։
Խոսնակը պատմեց, որ դեպքն իրականում եղել է այն ժամանակ, երբ տրվել է երկրորդ սնունդը, այսինքն՝ մինչև ընթրիքն է եղել։
«Եղել են մարդիկ, որոնք ընթրիքից չեն օգտվել, բայց խնդիրներ առաջացել են։ Ավելի շատ բուժանձնակազմի մասին է խոսքը։ Թուլություն ու փորլուծություն զգացել են ճաշից ժամեր անց»։

Բուժանձնակազմը փորլուծություն է ունեցել, օգնություն ցուցաբերելու հարց չի առաջացել։ Սանհանգույցում են հերթեր գոյացել։ Անձնակազմը բնականոն աշխատել է, որևէ մեկը գանգատ չի ունեցել։ Քովիդի դեպքերն էլ կենտրոնի խոսնակը բացառեց, որովհետև հիմնական մասն արդեն բուժվել են, բուժվող պացիենտների մոտ էլ ինչ-որ պահից չի կարող առաջանալ նախնական սիմպտոմներ»։

Անդրադառնալով այն տեղեկությանը՝ թե «թունավորվել են նաև հիվանդանոցում գտնվող հղիներ», Ծովինար Խաչատրյանը նշել է.

«Խոսքը երկու հղիի մասին է, երբ իրենց մոտ դեպքն ավելի արագ է կարգավորվել, քան օրինակ՝ բժիշկների»։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Սննդի անվտանգության պետական տեսչության մասնագետները բուժհաստատության պատասխանատուների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացնում, փորձանմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության, արդյունքները կլինեն մինչև մեկ շաբաթվա ընթացքում։