«Ժամանակ» օրաթերթի սեպտեմբերի 22-ի համարում տեղ գտած՝ ոստիկանության գործունեությանը վերաբերող հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Ոստիկանությունը չի գործում իրավիճակային լուծումներով և, մասնավորապես, հակահամաճարակային գործողություններն իրականացնում է ոչ թե հրահանգներով ու ցուցումներով, այլ բացառապես օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում:
Հրապարակման անհիմն լինելը վկայում է նաև վիճակագրությունը. հակահամաճարակային գործողություններ իրականացնող ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումներից 2020 թ. հունիսի 8-ից առ այսօր ազատվել է շարքային և սպայական կազմի 20 ծառայող, որոնցից 9-ը՝ դատարանի դատավճռով, մյուսները՝ տարբեր կարգապահական խախտումներ կատարելու համար:
Հիշյալ 20 ծառայողներից ոչ մեկի ազատվելը առնչություն չի ունեցել հակահամաճարակային պայքարի հետ:
Տվյալ ոլորտում ընդգրկված ոստիկանության Երևան քաղաքի ՊՊԾ գնդի և ոստիկանության զորքերի ոչ մի ծառայող հիշյալ ժամանակահատվածում բացասական հիմքերով չի ազատվել ծառայությունից:
Ավելին, նույն ժամանակահատվածում ոստիկանության սպայակազմը ոչ միայն չի կրճատվել, այլև համալրվել է 101 ծառայողով, որի 70 տոկոսը ներգրավված է արտաքին ծառայությունում, 237 ծառայողով համալրվել է կրտսեր կազմը, որի 90 տոկոսն է ներգրավված արտաքին ծառայության մեջ:
Հավելենք նաև, որ բացասական հիմքերով ոստիկանության ծառայությունից ազատվելու վերաբերյալ պարբերաբար հասարակությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրվում՝ ըստ ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի, որի աշխատաքին անդամության կարգով մասնակցում են տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: