Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել:
«Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դատարանը բավարարել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը:
Մեր տեղեկություններով՝ կալանավորման որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանը:
Մինասյանը, հիշեցնենք, որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:
Մինասյանին կալանավորելու միջնորդությունը բազմիցս քննարկման առարկա է դարձվել տարբեր ատյանի դատարաններում. վերջին անգամ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր նրան չկալանավորելու որոշման դեմ դատախազության բողոքը, ինչից հետո ՊԵԿ-ը մեղադրանքը լրացրել եւ կալանավորման նոր միջնորդություն էր ներկայացրել դատարան:
armtimes.com