Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր թեկնածությունը՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի, չի քննարկվել:
«Այս պահին ո՛չ առաջադրման, ո՛չ չառաջադրման մասով դեռևս որոշում չունենք: Քննարկումը կլինի աշխատակարգային նիստին»:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրվի ՍԴ նախագայի պաշտոնում, Խունդկարյանը նշեց. «Այն անձը, որը կընտրվի աշխատակարգային նիստով, փակ-գաղտնի քվեարկությամբ, ուրեմն լուծումը կլինի լրիվ օրենքի պահանջներին համապատասխան:
Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Խունդկարյանը թողել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը: Ի պատասխան՝ ՍԴ դատավորն ընդգծեց՝ պաշտոնները չի գնահատում: «Ինձ համար արժեքավոր է դատավորի արդարադատական գործառույթ իրականացնելը, իսկ որևէ պաշտոն, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի, որևէ դատարանի նախագահի, դրանք ժամանակավոր երևույթներ են»:
Խունդկարյանը համամիտ չէ այն տեսակետին, ըստ որի՝ ՍԴ ճգնաժամը հեղափոխությանը հարիր չի լուծվել, որովհետև իր թեկնածությունը խնդրահարույց է եղել:
«Ես համամիտ չեմ, եթե Ազգային ժողովը կատարել է ընտրություն, ուրեմն 3-ի թեկնածությունն էլ համարել են ընդունելի, իսկ ինչ վերաբերում է իմ գործունեությանը, ես 19 տարի դատավորի աշխատանք եմ կատարել և 19 տարվա ընթացքում քննել եմ տասնյակ հազարավոր գործեր, և յուրաքանչյուր անձ իր կարծիքը հայտնելու իրավունք ունի, արտահայտվելու իրավունք ունի»:
Նախորդ իշխանությունների հետ իր ունեցած կապերին անդրադառնալով՝ Խունդկարյանը նշեց՝ ցանկացած անձի կարող են ցանկացած իշխանության հետ կապել: «Ես Գերագույն դատարան աշխատանքի եմ անցել հանրապետության առաջին նախագահի օրոք, ես աշխատանքս փոխել եմ և տնտեսական դատարանում եմ, որպես դատավոր, աշխատել հանրապետության երկրորդ նախագահի օրոք, ես Վճռաբեկ դատարանի թե՛ դատավոր, թե՛ պալատի նախագահ նշանակվել եմ հանրապետության երրորդ նախագահի օրոք: Ես Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվել եմ 2018թ.-ի ապրիլյան հեղափոխությունից հետո՝ 2018թ.-ի սեպտեմբեր ամսին, երբ որևէ կուսակցության դոմինանտ կարծիքը չէր կարող ազդել ընտրության վրա: Եվ ես ընտրվել եմ Սահմանադրական դատարանի անդամ արդեն 2020թ.-ին: Խնդրում եմ հայտնեք՝ ես ո՞ր իշխանության մարդն եմ»:
Երվանդ Խունդկարյանը նաև նշեց՝ իր վրա որևէ մեկը չի ազդել:
armtimes.com