Եվրամիությունը չի ճանաչում երեկ Բելառուսում տեղի ունեցած նախագահական երդմնակալության արարողությունն ու չի ընդունում Լուկաշենկոյին որպես երկրի լեգիտիմ նախագահ: Կառույցի ղեկավարությունը կարծում է, որ Լուկաշենկոյի այս քայլ ավելի է խորացնում ճգնաժամը, որում հայտնվել են Բելառուսի իշխանություններն ու ժողովուրդը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է, որ ի սկզբանե են եղել ապօրինությունները՝ սկսած խախտումներով ընտրություններից, մինչեւ ապօրինի երդմնակալություն:
Գրեթե նույնաբովանդակ ելույթ է քիչ առաջ ունեցել նաեւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինրիկ Ռաաբը՝ նշելով, որ այս քայլը հավելյալ անկում ապահովեց Լուկաշենկոյի՝ առանց այն էլ իջած վարկանիշի վրա եւ հաստատեց այն պնդումը, ոև վերջինս խաբում է իր ժողովրդին:
Եվրամիության անդամ երկրներից Սլովակիան առաջիններից մեկն է Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարել ոչ լեգիտիմ նախագահ: Այդ մասին իր Twitter-ում գրել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը՝ հավելելով, որ Սլովակիան աջակցություն է հայտնում բելառուսական ժողովրդին:
Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարել է, որ Լուկաշենկոն չի կարող հույս ունենալ ժողովրդավարական լեգիտիմության համար, դրա վկայությունը գաղտնի երդմնակալությունն է:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը եւս հայտարարել է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի օրինական նախագահ, քանի դեռ չեն անցկացվել վստահելի արդյունքներով ընտրություններ:
Նույն կարծիքն ունի նաեւ պաշտոնական Ուկրաինան: Երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր Twitter-ում գրել է, որ Լուկաշենկոյի ինաուգուրացիան չի դարձնում նրան լեգիտիմ նախագահ: Կուլաբեն հավելել է, որ իրենք երբեւէ չեն խառնվել Բելառուսի ներքին գործերին եւ աջակցություն են հայտնում բելառուսցիներին՝ իրենց ազատ կամարտահայտման դրսեւորումներում:
Կանադայի ԱԳ ղեկավար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը եւս Twitter-ի իր էջում հայտնել է, որ Կանադան ցավում է կեղծած ընտորւթյունների շարունակության՝ Լուկաշենկոյի կեղծ երդմնակալության համար՝ կոչ անելով ազատ ընտրություններ անցկացնել:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, հույժ գաղտնի պայմաններում տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, որի մասին հայտնի դարձավ ավարտից հետո միայն: Միեւնույն ժամանակ, այս արարողությունից հետո բելառուսական ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության գործողությունների եւ երկարաժամկետ ցույցերի մասին: