«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Բադալյանը երեկ դիմել է ծայրահեղ քայլի՝ իր ոտքերը մեխելով հատակին: Մեկ ամիս առաջ նա նաեւ կարել էր իր բերանը եւ հացադուլ հայտարարել: Բադալյանը բողոքում է իրեն առաջադրված մեղադրանքից, որը չի ընդունում. նա պահանջում է, որ դատարանն իր վերաբերյալ արդարացի դատական ակտ կայացնի:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ նույն ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի կողմից կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կալանավոր Տիգրան Բադալյանի ոտքերի մեխերն արդեն հանվել են. «Կալանավորը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, որտեղ հետազոտվելով եւ ստանալով առաջին բուժօգնությունը՝ վերադարձվել է ՔԿՀ»,- նշեց Նավիկյանը՝ հավելելով, որ Բադալյանի հացադուլը դեռեւս շարունակվում է: Նշենք, որ այս ընթացքում երեք անգամ նրան այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Տիգրան Բադալյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության համար: Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2019թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, Բադալյանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Համլետ Լալայանի բնակարանի պատուհանը եւ ապօրինի մուտք գործելով բնակարան՝ այնտեղից գողացել է զգալի չափերով՝ 10.000 ՀՀ դրամ գումար, իսկ բաց դռնից մուտք գործելով նույն բնակարանի նկուղ՝ գողացել է սառնարանի համար նախատեսված 115.000 ՀՀ դրամ ընղհանուր արժողությամբ թվով 5 այլումինե թիթեղներ, որոնք նույն օրը՝ երեկոյան, 15.000 ՀՀ դրամով վաճառել է համագյուղացի Կամո Մարտիրոսյանին:
Մեր զրույցում նրա պաշտպան Կարլեն Ավագյանը նշեց, որ Բադալյանն իր արդարությունը ապացուցելու համար նման հուսահատ քայլերի է դիմում, որպեսզի դատարանը գոնե ուշադրություն դարձնի գործի հանգամանքներին. «Նրա պահանջն այն է, որ դատարանն արդարացի դատական ակտ կայացնի, ոչ թե հիմնվի ենթադրությունների վրա»:
Պաշտպանի խոսքով՝ Տիգրան Բադալյանը մետաղյա թիթեղները գտել է դրսից եւ մտածելով, որ անպիտան բան է եղել, գյուղացիներից մեկը շպրտել է՝ տարել հանձնել է իրենց գյուղում գտնվող մետաղի ընդունման կետ: Ըստ պաշտպանի՝ ցանկացած տրամաբանող մարդ, եթե իր գյուղից գողություն կատարեր, այլ տեղում դա կհանձներ. «Այդ օրը գողություն է եղել տուժողի տանից, նաեւ երեխայի դրամարկղն են գողացել՝ 10 հազար դրամով հանդերձ, եւ ընդամենը այդ հանգամանքը, որ ինքն է մետաղները հանձնել, դիտվում է, որ հենց ինքն էլ գողացել է»:
Կարլեն Ավագյանի խոսքով՝ տուժողը սկզբանական փուլում ենթադրել է, որ հնարավոր է՝ Բադալյանը գողությունը կատարած լինի, սակայն դատաքննության փուլում անգամ հայտարարել է, որ ինքը համոզված չէ դրանում, քանի որ անձամբ չի տեսել Բադալյանին, եւ ցանկանում է, որ արդարադատությունը որոշի. «Այս ընթացքում որեւէ ապացույց ձեռք չբերվեց, որը կհերքեր, որ պաշտպանյալս գտել է այդ թիթեղները, ոչ թե գողացել է»,- ասաց պաշտպանը:
Նշենք, որ քրեական գործի քննությունն արդեն ավարտական փուլում է. վաղը՝ սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ նշանակված նիստին, Կարլեն Ավագյանը հանդես է գալու պաշտպանական ճառով: