Արցախի Մարտունու շրջանում մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների խմբին հետապնդել է հակառակորդի ԱԹՍ-ը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Tert.am»-ի լրագրող Անի Գևորգյանը:
«Մենք Մարտունու շրջանում իրականացնում էինք մեր մասնագիտական պարտականությունները: Մտել էինք տներից մեկը, որն առավել շատ էր տուժել հակառակորդի գործողություններից ու տան անդամներից մեկը պատմեց, որ կորցրել է իր հարսին, աղջիկը հիվանդանոցում է, թոռն է վիրավոր: Դրանից հետո որոշեցինք դուրս գալ ու հաջորդ տուն մտնելուց առաջ, մեր օպերատորներից մեկը գոռաց, որ կամիկաձեի ձայն է լսում: Մեզ ուղեկցողներից մեկն էլ ասաց, որ ԱԹՍ է ու մեզ անմիջապես հորդորեցին գնալ այդտեղից, չկանգնել մեքենաների կողքին: Մենք վազում էինք ու պատսպարվեցինք քաղաքացիներից մեկի տանը»,- պատմեց Անին:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:
Լիլիթ Դեմուրյան
Տեսանյութը՝ tert.am-ի