Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության ֆոնին թուրքական լիրան անկում է գրանցել. իր պատմության մեջ այն ավելի ցածր արժեք դեռ երբեք չի ունեցել. Մոսկվայի ժամանակով ժամը 13:20-ի դրությամբ դոլարը վաճառվում է 7.79 լիրա. գրում է Lenta.ru-ն:
Հակամարտության սրումն ամբողջությամբ զրոյացրել է ջանքերը Թուրքիայի կենտրոնական բանկի, որ անցած շաբաթ երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը, այն էլ՝ անմիջապես 8.25-ից հասցնելով 10.25 տոկոսի: Այսպիսով, կենտրոնական բանկը փորձել է փրկել լիրան, որ անդունդի եզրին էր:
Օգոստոսի սկզբին լիրան հասել էր իր մայիսյան պատմական մինիմումին, եւ այդ ժամանակից ի վեր այն հիմնականում թուլանում էր: Սեպտեմբերի կեսերից անկման տեմպերն ահագնացել են: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել էր, որ իջեցվի տոկոսադրույքը՝ համարելով, որ նման քաղաքականությունը կվերագործարկի տնտեսությունը: Լիրայի փոխարժեքը պահպանելու համար նա պահանջել էր վաճառել արտարժույթի պահուստները:
Սակայն արդյունքում տարեսկզբից Թուրքիայի արտարժույթի ակտիվները 74 միլիարդ դոլարից նվազել են մինչեւ 45 միլիարդ դոլար: Moody’s-ի գնահատմամբ՝ 44 միլիարդը առեւտրային բանկերի պահուստներն են, ինչը նշանակում է, որ երկիրը գրեթե փող չունի:
Միեւնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին պարտքը հասել է 100 միլիարդ դոլարի, իսկ Թուրքիայի կենտրոնական բանկի պարտքը, ըստ ֆինանսական գործարքների, 50 միլիարդ դոլարի: Այլ կերպ ասած, եթե դրանցով գործարքների ժամկետները չերկարաձգվեն, կարգավորման մեխանիզմը չի կարողանա մարել պարտքերը նույնիսկ իր հաշիվներում արտարժույթի բոլոր պահուստների օգտագործման դեպքում: Սեպտեմբերի կեսերին Moody’s-ն իջեցրել է երկրի ինքնիշխանության վարկանիշը մինչեւ B2՝ Ռուանդայի եւ Ուգանդայի մակարդակին: Էրդողանը վարկանիշը որակել է որպես տնտեսական պատերազմ:
Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության մեջ Թուրքիայի իշխանությունները Բաքվի դաշնակիցն են, եւ փորձագետները չեն բացառում, որ Անկարան կարող է այս կամ այն կերպ ներգրավվել հակամարտության մեջ:
Թուրքիայի համար իրավիճակը բարդանում է Սաուդյան Արաբիայի ղեկավարության պաշտոնական դիրքորոշման ֆոնին. լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայից եկող բոլոր ապրանքների վրա այն էմբարգո է սահմանել, սպառնում է տուգանքներով թուրքական ընկերությունների հետ առեւտրային համագործակցության համար եւ հետ է պահում բնակչությանը այնտեղ «մեկնելու մտքից»:
armtimes.com