Սիրիան զգուշացնում է ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի բացահայտ ներգրավվածության մասին

Սիրիան իր ափսոսանքն է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների կապակցությամբ: Երկրի իշխանությունները հարևան երկրներին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողություններն ու հիմնահարցի կարգավորման խաղաղ ճանապարհ գտնել: Այս մասին տեղեկացնում է Sana գործակալությունը:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունը խոր ափսոսանք է հայտնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումների կապակցությամբ, որի հետևանքով զոհեր կան երկու կողմում էլ: Սիրիայի իշխանությունները ցավակցություն են հայտնում զոհերի ընտանիքներին ու վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասվում է Սիրիայի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության մեջ:

Պաշտոնական Դամասկոսը հայտարարության մեջ զգուշացնում է նաև այս հակամարտությանը Թուրքիայի բացահայտ ներգրավվածության մասին, որի նպատակն է էլ ավելի բորբոքել իրավիճակը, ինչը հատուկ է աշխարհի տարբեր հատվածներում խռովություններ հրահրելու և լարվածություն առաջացնելու՝ Թուրքիայի ռեժիմի վարքագծին:  

Սիրիան Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում չընկնել Թուրքիայի թակարդն ու արձագանքել հանգիստ երկխոսության ու տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի նախաձեռնությանն ու կոչերին:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am