Հայ բարեգործական ընդհանուր միությունը, որը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած համազգային դրամահավաքին, մինչև 5 մլն դոլարի շեմը կկրկնապատկի իր հետևորդների փոխանցումները:
«Միությունը կոչ էր արել իր բոլոր հետևորդներին միանալ համազգային դրամահավաքին. հիմա որոշել են մարտավարությունը փոխել և ավելի արդյունավետ դարձնել: Ավելի մեծ միջոցներ ներգրավելու համար ՀԲԸՄ-ն հայտարարում է, որ նրանք, ովքեր միության առանձին դրամահավաքին, որը համազգային դրամահավաքի մասն է, գումար փոխանցեն, միությունը կկրկնապատկի այդ գումարը մինչև 5 մլն դոլարի շեմը: Այսինքն, եթե իրենց մոտ հավաքվի 5 մլն դոլար, միությունը այն կկրկնապատկի ևս 5 մլն դոլարով, եթե 1 մլն դոլար լինի, այն կկրկնապատկվի ևս 1 մլն դոլարով: Կրկնապատկման շեմը 5 մլն դոլարն է»,-
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:
Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը նա հայտնել էր, որ համազգային դրամահավաքը վերածվել է համազգային, համահայկական գլոբալ մեծ շարժման, որովհետև մարդիկ գումարներ են նվիրաբերում աշխարհի տարբեր ծայրերից: «Չկա մեծ կամ փոքր համայնք, որը չի մասնակցում այս ամենին: Մարդիկ գումարներ են ուղարկում. մեր գրասենյակի և մեր մյուս գործընկեր կազմակերպությունների, որոնք սփռված են ամբողջ աշխարհում, հեռախոսները չեն դադարում զանգերից ու այցերից»,- շեշտեց հիմնադրամի տնօրենը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կառույցներին, կազմակերպություններին, անհատներին, քաղաքական կուսակցություններին, բարեգործական միություններին, որոնք աջակցում են իրենց:
Հիմնադրամի տնօրենի հավաստիացմամբ՝ մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որ կարողանանք հաջողություններ գրանցել առաջնագծում: «Առանց ամուր թիկունքի մեր հաջողությունները կուշանան, ուստի խնդրում եմ բոլորին՝ հնարավորինս ակտիվ լինել: Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք: Ես չեմ ուզում ուղղակի նշել երկրներ կամ քաղաքներ, որոնք միացել են մեզ, բայց պետք է ասեմ, որ Վլադիվոստոկից, Ավստրալիայից, ամբողջ Եվրոպայից, Հյուսիսային Աֆրիկայից, ԱՄՆ-ից մեզ աջակցում են: Միացել են համայնքներ, որոնք երբեք ակտիվ չեն եղել. օրինակ՝ Քլիվլենդը»,- տեղեկացրեց Հայկակ Արշամյանը:
Անդրադառնալով հիմնադրամի հոսքերով եկած գումարների տնօրինմանը՝ նա նշեց, որ գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ, և հիմնադրամից ոչ ոք անհատապես որոշում չի կայացնում:
Հավաքված գումարներն ուղղվում են թիկունքի ամրապնդմանը. կարող են օգտագործվել մեքենաների համար, մարտերում վիրավորվածների բուժման, առողջապահական սարքավորումների գնման, այլ հումանիտար նպատակով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի շրջանակում հավաքվել է ավելի քան 29 մլն ԱՄՆ դոլար: