Ավելի քան 1000 մարդ էր հավաքվել Վալենսիայում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Հայ ազգաբնակչությանն իրենց աջակցությունը հայտնեցին նաև բազմաթիվ իսպանացիներ, քրդեր և այլ ազգի ներկայացուցիչներ։
Ցույցի կարգախոսներն էին՝ «ստոպ Ադրբեջան», «ստոպ Թուրքիա», «Ալիև՝ ահաբեկիչ», «Էրդողան՝ ցեղասպան», «Արցախը Հայաստան է և վերջ» և այլն։
Ցույցը սկսվեց Վալենսիայի խորհրդարանի առջևից, որտեղ, մեկ րոպե լռությամբ զոհվածների հիշատակը հարգելուց հետո, բացման խոսքով հանդես եկավ Արարատ Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝ կոչ անելով Վալենսիայի և Իսպանիայի կառավարություններին, ինչպես նաև՝ միջազգային հանրությանը, հասցեական դատապարտումներով հանդես գալ՝ ընդդեմ թուրք_ադրբեջանական ագրեսիայի։
Այնուհետև Գոռ և Նունե Սահակյանները կարդացին ագրեսիան դատապարտող հայտարարագիրը, որը նախօրեին Սարգիս Բրսոյանն ու Քրիստինե Խաչատրյանը հանձնել էին Վալենսիայի խորհրդարանին։
Վալենսիայի մարզային խորհրդարանից ցույցն անցավ քաղաքի գլխավոր փողոցներով՝ հասնելով մինչև Թուրքիայի պատվո հյուպատոսարան։ Այստեղ ընթերցվեց Արցախի գոյամարտի ողջ իրական պատմությունը և կոչ արվեց իսպանական լրատվամիջոցներին՝ չհրապարակել Ադրբեջանից և Թուրքիայից եկող ապատեղեկատվությունը և միմիայն ապավինել հստակ տեղեկատվությանը։ Վալենսահայությունը, ինչպես նաև՝ այլ իսպանական քաղաքների հայեր ավելի քան 25.000 եվրո են հավաքագրել, որի մի մասն արդեն ուղարկվել է Հայաստան Համահայկական հիմնադրամին, մյուս մասն էլ կուղարկվի եկող շաբաթ։
Հանգանակությունները շարունակվում են։ Նաև հավաքվել է մեծ քանակությամբ դեղորայք, հագուստ, հիգիենայի պարագաներ, որոնք Արցախ կուղարկեն մոտ օրերս։
iravunk.com