ԱԺ-ն քննարկում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխության նախագիծը:
Հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակի իրավահարաբերությունները կարգավորելուն՝ կապված զորակոչի հետ: Նրա խոսքով՝ հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը և ընդհանուր զորակոչը՝ առաջարկվում է գործատուի մոտ պահպանել զորահավաքի միջոցով զինծառայության մեկնած աշխատողի աշխատատեղը, նրան ազատել պարտականությունների կատարումից, վարձատրության հարցը կարգավորել կողմերի համաձայնությամբ:
Տիգրանյանն ասաց, որ փոփոխությամբ զորահավաքային զինծառայության իրականացնումը կամ կամավորագրումը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ:
Իսկ ռազմական դրության դեպքում, ըստ հիմնական զեկուցողի, աշխատողի արձակուրդից հետկանչումը այլևս չի լինի նրա համաձայնությամբ: