Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ մտավ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Այն ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ. «Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։
Ռազմական գործողությունները սանձազերծել էր Ադրբեջանը՝ սեպտեմբերի 27-ին: Այն հարձակվել էր Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Թիրախավորում էր խաղաղ բնակավայրերը: Սպանվել են խաղաղ բնակիչներ, ավերվել քաղաքացիական ենթակառուցվածքներ, կողմերի զինված ուժերն ունեն կորուստներ: Ադրբեջանի ԶՈՒ և սպառազինության կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Ադրբեջանը ռազմական գործողությունները սկսել էր Թուրքիայի աջակցությամբ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են եղել նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկան ահաբեկիչներ:
Ժամը 12-ից րոպեներ առաջ Ադրբեջանը հրթիռային հարված է հասցրել ՀՀ Կապան քաղաքին: Կան զոհեր և վիրավորներ: