Ադրբեջանը սկսել է նոր թշնամիներ ձեռք բերել Թուրքիայի պատճառով

 Ռուսական ВЗГЛЯД պարբերականն անդրադարձել է Թուրքիայի պատճառով դիվանագիտության դաշտում Ադրբեջանի նոր թշնամիներ ձեռք բերելու թեմային: Դիվանագիտական ​​հակասություն է ծագել Ադրբեջանի և Հունաստանի միջև, չնայած մինչև վերջերս այդ երկրներն ընկերներ էին: Հինգշաբթի Ադրբեջանը Հունաստանից հետ է կանչել իր դեսպանին խորհրդատվության պատճառաբանությամբ: Սակայն իրական պատճառը «Ադրբեջանի գրավյալ տարածքներում», այսինքն` Լեռնային Ղարաբաղի մարտերին Հունաստանի քաղաքացիների մասնակցելու մասին հաղորդագրություններն էին:

Ավելի վաղ Ադրբեջանը վիճեց Ֆրանսիայի հետ, որից մինչև վերջերս պատրաստվում էր զենք գնել: Ալիևը վերջերս նույնիսկ Մակրոնից պահանջեց ներողություն խնդրել հայտարարության համար, որում Ֆրանսիայի նախագահը հայտնում էր, թե թուրքամետ զինյալներին Սիրիայից տեղափոխել են Ղարաբաղյան ճակատ՝ ադրբեջանական զորքերին օգնելու համար։ Զուգադիպությամբ, Հունաստանն ու Ֆրանսիան երկար ժամանակ հակասության մեջ են Թուրքիայի հետ, և տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը վերածվում է Էրդողանի կրտսեր գործընկերոջ: ВЗГЛЯД պարբերականը հարց է տալիս՝ արդյոք «Սուլթանի» բոլո՞ր թշնամիները կդառնան Ալիևի թշնամիներ:

Թերթի վերլուծաբանը չի բացառում նաև Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների սառեցումը: Հրեական պետությունն ավանդաբար ադրբեջանական բանակի ժամանակակից սպառազինությունների հիմնական մատակարարներից մեկն է, իսկ Անդրկովկասյան Հանրապետությունն էլ Իսրայել է առաքում պահանջվող նավթի մինչև 40 տոկոսը: Արաբական մամուլի տվյալներով՝ սեպտեմբերի վերջին օրերին Իսրայելը կրկին Ադրբեջանին է ուղարկել զենքով լի երկու ինքնաթիռ։ Բայց Բաքվի և Թել Ավիվի բարեկամությանը կարող է վերջ դրվել, քանի որ 2010 թվականից Էրդողանի Թուրքիան Իսրայելի հետ գտնվում է կոշտ առճակատման մեջ։

Թերթը տեղին է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումը Թուրքիա-Ադրբեջան հարաբերության մասին:

«Այլևս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները»,- ասել էր Փաշինյանը Der Spiegel-ին տված հարցազրույցում: Ըստ լրատվամիջոցի՝ Բաքու-Անկարա կապն ամրապնդելու հետ մեկտեղ, Ադրբեջանի քաղաքականությունը դառնում է Թուրքիայի քաղաքականության մի մասը Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում, «սուլթան» Էրդողանը ղարաբաղյան արշավը դիտարկում է որպես նեոօսմանյան կայսերական նախագծի մաս:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am