«Հայաստան» համահայկական հիմնադրամի երկու շաբաթ առաջ մեկնարկած դրամահավքը հատել է 100 մլն. դոլարի շեմը: «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» հիմնադրամի կոչին միացել են հազարավոր հայեր տարբեր երկրներից, հայտնի հայ աստղեր ու գործարարներ, ընկերություններ ու կազմակերպություններ:
Նախապես հայտարարված 100 մլն դոլարի հասնելու նպատակը երկու շաբաթ հետո փոխվել է. «Մեր հաջորդ նպատակակետն է ??? մլն ԱՄՆ դոլարը: Շարունակում ենք նույն ոգով: Յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում»,-գրված է հիմնադրամի նոր հայտարարության մեջ:
Երկուշաբթի օրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղին օգնելու նպատակով հայտարարված դրամահավաքի գումարը շուրջ 110 մլն դոլար է: Այս թիվը րոպե առ րոպե աճում է: Զուգահեռ, Ղարաբաղում պատերազմի առաջին օրվանից սկսած, ընթանում են ոչ պաշտոնական դրամահավաքներ տարբեր խմբերի հումանիտար օգնության նպատակով: Ինչպես նաև կազմակերպվում են դրամահավաքներ հայտնի և անհայտ մարդկանց կողմից, ովքեր, օրինակ, որոշում են իրենց ծննդյան տոնի նվերների փոխարեն բարեգործական դրամահավաք անցկացնել: Կան նաև դեպքեր, երբ հայ հայտնի անձինք իրենց միջոցներով կրկնապատկում են նվիրատվության գումարները:
Պատերազմից տուժածների, առանձին խմբերի օգնության նպատակով դրամահավաքներ են անցկացվում նաև Ադրբեջանում: Ինչպես հայերի, անպես էլ ադրբեջանցիների դեպքում նման դրամահավաքների ընդհանուր հանրագումարը դժվար է հաշվել: Պաշտոնական դրամահավաքների արդյունքերը հստակ են:
Ադրբեջանի նախագահի հրամանով 2002 թվականին ստեղծված «Զինված ուժերի օգնության ֆոնդն» ամփոփել է վերջին մեկ ամսվա նվիրատվությունների արդյունքները: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ՊՆ-ն, սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը ֆոնդին նվիրած գումարը կազմել է 3 մլն 965 հազար դոլար:
Նշենք, հոկտեմբերի 12-ին էլ երկրի ՊՆ-ը հայտարարել է արտերկրում բնակվող իրենց բազմաթիվ հայրենակիցների խնդրանքով Զինված ուժերի օգնության ֆոնդի բանկային հաշիվները թուրքական լիրայի և բրիտանական ֆունտ ստերլինգի հաշվեհամարներով լրացնելու մասին:
Ադրբեջանական հիմնադրամի եկամուտների մասին ավելի թարմ տվյալներ հասանելի չեն:
amerikayidzayn.com