Ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկայի թիրախավորումից հետո Հայաստանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով իրավունք է ձեռք բերում՝ դիմել ինքնապաշտպանության և խոցել այն բոլոր ռազմական օբյեկտները, որոնցից ակնհայտ վտանգ է սպառնում ՀՀ տարածքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը:
«Սա ակնհայտ ագրեսիայի դրսևորում է: Սա առաջին դեպքը չէ, սրանից առաջ էլ Վարդենիսի տարածաշրջանում քաղաքացիական թիրախներ են խոցվել: Եվ սա հերթական ագրեսիայի ակտն է: Սրանով և սրանից առաջվա կատարված ակտերով էլ ՀՀ-ն իրավունք է ձեռք բերում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով դիմել ինքնապաշտպանության և խոցել այն բոլոր ռազմական օբյեկտները, որոնցից ակնհայտ վտանգ է սպառնում ՀՀ տարածքի նկատմամբ»,-ասաց Սիմոնյանը:
Միջազգային իրավունքը Հայաստանին լիարժեք հնարավորություն է տալիս դիմել ինքնապաշտպանության: Սիմոնյանը նշեց՝ ինքնապաշտպանությունը ենթադրում է ռազմական գործողությունների դիմում, ուժի կիրառում՝ ինչպես սեփական տարածքը պաշտպանելու նպատակով, այնպես էլ սեփական տարածքից դուրս ռազմական գործողություններ տեղափոխելու նպատակով:
Պատգամավորը հավելեց, որ մնում է տեղյակ պահել միջազգային կառույցներին, այդ թվում ՄԱԿ-ին, որ Հայաստանն իրականացնում է 51-րդ հոդվածով սահմանված իր՝ ինքնապաշտպանության իրավունքը:
Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ադրբեջանի զինված ուժերն ավելի վաղ հարվածներ էին հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ:
ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է՝ սույն կանոնադրության մեջ որևէ բան չի խոչընդոտում անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը, եթե ՄԱԿ-ի անդամի դեմ զինված հարձակում է տեղի ունենում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Անդամների կողմից ինքնապաշտպանության այս իրավունքի իրականացման ընթացքում ձեռնարկված միջոցառումները անհապաղ զեկուցվում են Անվտանգության խորհրդին և որևէ կերպ չեն ազդում սույն Կանոնադրության համաձայն Անվտանգության խորհրդի իրավասության և պատասխանատվության վրա `ցանկացած պահի ձեռնարկելու իրենց կողմից գործողություն, քանի որ դա անհրաժեշտ է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու կամ վերականգնելու համար:
Աննա Գրիգորյան