«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ներկայացված փոխգնդապետ Տարոն Քոչարյանը հստակորեն կազմակերպել է իր ստորաբաժանման պաշտպանությունը և, դիմելով ակտիվ գործողությունների, ոչնչացրել թշնամու մեծ քանակությամբ զինտեխնիկա և կենդանի ուժ.

Արցախի բանակի լավագույնի կոչումը 2016 թվականի արդյունքներով վաստակել է արևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող պաշտպանական շրջանը: Փոխգնդապետ Տարոն Քոչարյանին հանդիպելու մի նոր առիթ է: Տասներկու տարի է, ինչ ծառայում է այդ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, որտեղից էլ սկսվել է նրա զինվորական կենսագրությունը: Վերջին երեք տարիներին զբաղեցրել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի հրամանատարի պաշտոնը: «Մարտական ծառայության» մեդալակիր է: Հիմա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հրամանատարաշտաբային դասընթացների է մասնակցում:

 

Քարե ընդարձակ աստիճաններով բարձրանում եմ համալսարանի երկրորդ հարկ: Երկարուկ լսարանում հրամանատարը սեղանին փռված քարտեզի վրա հարձակման պլան է մշակում: Հայացքը ուշադիր է, կենտրոնացած: Փոխգնդապետ Քոչարյանը գրոհի վեկտորներն է նախանշում, բաշխում է ուժերն ու միջոցները, ապա առաջ շարժվելու համար հարվածներով նվազեցնում է հակառակորդի կրակային ներուժը: Շարժուձևը ինքնավստահ է, ձայնի մեջ ամուր բնավորության մասին հուշող շեշտեր են լսվում: Թվում է` եթե նույնիսկ մարտն անհավասար լինի, բնագծից ոչ մի քայլ չի նահանջի:

-Հարձակման հաջողությունը սրընթաց զարկի մեջ է: Բայց պակաս կարեւոր չէ սպայական կազմի պատրաստությունը, միջոցների առատությունը, ստորաբաժանումների գրագետ փոխգործակցությունը,- վրա է բերում` աչքը չկտրելով պայմանական մարտադաշտից:- Պաշտպանության ժամանակ ամեն ինչ այլ է: Լռում ես ու սպասում: Թողնում ես, որ թշնամիդ մոտենա, այնքան մոտենա, որ պարզորոշ տեսնես դեմքը, բիբերում կենտրոնացած վախը: Եվ երբ չի սպասում, երբ անապահովության զգացումը այլևս չի ճնշում նրան, շեշտակի խփում ես:

Հրամանատարը նորից մարտի է նետվում: Եվս մի քանի ցավոտ հարված է հասցնում թշնամուն ու մեջտեղից ծալում քարտեզը: Առնական դեմքին գոհունակություն եմ նշմարում:

-Հաղթելը միշտ էլ հաճելի է,-ասում է,-երևի թե հարկավոր է, որ ամեն մարդ կյանքում գոնե մեկ անգամ հաղթի, զգա հաղթության բերկրանքը: Հաղթանակը քեզ ավելի համառ և է՛լ ավելի նպատակասլաց է դարձնում: Դու ինքդ էլ ավելի լավն ես դառնում: Երբ փոքր էի, ուզում էի Գևորգ Չաուշին նմանվել: Ես նրա անվան դպրոցում էի սովորում: Չաուշի կերպարը խրվել էր գիտակցությանս մեջ: Ժամերով նայում էի այն լուսանկարին, որում փամփշտակալներով զրահված թիկնել է հրացանին: Մի օր էլ կարդացի Բերդակ գյուղում բազմաքանակ թշնամու դեմ չորս հայդուկներով մղած նրա մարտի մասին և ուզեցի ֆիդայի դառնալ, ուզեցի երբեք չնահանջել… Գերազանցիկ աշակերտ էի, բայց աչքի չէի ընկնում կարգապահությամբ, հետն էլ՝ անհանգիստ, տաքարյուն ու կռվարար:

Ռազմական համալսարանը հղկեց  բնավորությունս: Այստեղ ձերբազատվեցի ինքնաբուխ քայլերի դիմելու սովորությունից, բայց և ավելի համարձակ դարձա:  Ձմռան մի ցուրտ օր  գնացինք գիշերային հրաձգության:  Մեջքով իրար հենված` մի խորունկ փոսում ժամերով սպասեցինք պայմանական հակառակորդին: Ինքս ինձ հարցնում էի` մի՞թե այս ամենը հենց այնպես կորչելու է: Ինչո՞ւ պիտի ես խուսափեմ դժվարություններից: Չէ, ես պիտի կանգնեմ սահմանին` թշնամու դեմ դիմաց:

-Եվ 2004 թվականին, սեփական զեկուցագրի համաձայն՝ ճանապարհվեցիք Արցախ, առաջնագիծ: Չօգտվեցիք ուսման գերազանցիկներին տրվող` բնակավայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից:

-Ես պատրաստ էի հաղթահարելու ամեն խոչընդոտ՝ հանուն զինվորական գործի: Երբ ստանձնեցի մարտական հերթապահություն իրականացնող դասակի հրամանատարությունը, ավելի համոզվեցի՝ իմ ներքին ձայնն ինձ չէր խաբել: Տասներկու տարի է` խրամատում եմ:  Չի եղել մի օր, որ  ափսոսամ: Քաղաքում ամենալավ պաշտոնը ո՞րն է,-հարցնում է ու, առանց պատասխանիս սպասելու, ավելացնում,-եթե ինձ հենց հիմա առաջարկեն, հաստատ կհրաժարվեմ: Ես պիտի դիրքերում արթնանամ, պիտի դիտարկեմ հակառակորդին, պիտի զինվորի հետ զրուցեմ, սեղան նստեմ, հրահանգավորեմ, պիտի պաշտպանեմ նրան:

Հանկարծ դեմքի՝ քիչ առաջվա հիացական արտահայտությունից բան չի մնում:

-2015 թվականի հունվարի երկուսն էր: Դիվերսիայի մասին հաղորդագրություն ստացանք: Աչքներս չեզոք դաշտին` սպասում էինք: Հակառակորդը հարևան գումարտակի հենակետը թիրախավորեց: Ժամկետային զինծառայող Վարդան Մկրտչյանն առաջինը նկատեց մթության մեջ ամրացող թշնամու հատուկջոկատայիններին և կրակ բացեց: Թույլ չտվեց առաջանալ, ոչ էլ իր գործն ավարտին հասցնել: Վարդանը զոհվեց: Թեև հարևան գումարտակից էր, թեև երբեք նրա հրամանատարը չէի եղել, բայց նա նաև իմ զինվորն էր:  Ծանրութեթև անելու ժամանակ չկար, յուրաքանչյուր րոպեն թանկ էր: Կտրուկ էինք որոշել` հետապնդել ճողոպրող թշնամուն և վրեժ լուծել: Երեք սպա, մեկ շարքային և մեկ պայմանագրային թիրախավորեցինք փախչող հատուկջոկատայիններին: Հինգս՝ տասնհինգի դեմ… Եթե հավատում ես, որ կկարողանաս, ուրեմն կհաղթես: Եթե կասկածեցիր` հաստատ կպարտվես:

Փոխգնդապետը խոսում է, սակայն զգացվում է՝ մտքում իր զինվորների հետ է:

-Ես հավատում եմ իմ զինվորին: Ապրիլին համոզվեցի` նա իր կյանքի համար այնքան չի դողում, ինչքան հաղթանակի: Հակատանկային դասակի վարորդ Գեւորգ Եղիազարյանին խնդիր առաջադրեցի` թշնամու հրետանու ինտենսիվ կրակի տակ անձնակազմը տեղափոխել մեկ այլ բնագիծ:  Պետք է փակեին տանկերի ճանապարհը: Եթե սովորական օրերին այդ տարածությունն անցնում էր 15 րոպեում, ապա պատերազմական իրավիճակում հաղթահարեց ընդամենը 7 րոպեում: Նա գերազանց կատարեց հրամանը: Եվ այսպիսի քանի դեպք կարող եմ պատմել: Մենք  վերախմբավորվել էինք և անցել պաշտպանության: Հակառակորդը գումարտակի բնագծով հարձակում չձեռնարկեց, բայց նաև առանձին դիրքերի ուղղությամբ դիվերսիոն փորձեր նախաձեռնեց: Ամեն անգամ էլ քիթը ջարդած նահանջեց:

-Դուք լավ գիտեք, թե ինչ արժեք ունի հաղթանակը, թե ինչպիսի հոգեկան և ֆիզիկական կենտրոնացում, գերլարում ու նվիրում է պահանջում, և թե հաճախ ինչ թանկ գնով եք ձեռք բերում այն: Եվ պակաս կարևոր չէ, որ Ձեզ գնահատված զգաք…

-Մի դեպք պատմեմ՝ երբ հրամանատարաշտաբային դասընթացներին մասնակցելու համար Արցախից տեղափոխվեցի մայրաքաղաք, երեխայիս դպրոց ընդունելու դիմում պիտի գրեի: Համազգեստով էի գնացել: Տնօրենը, որ պատկառելի տարիքի տղամարդ էր, աշխատասենյակից դուրս եկավ ինձ դիմավորելու: Եվ այնպես ջերմ ու պինդ սեղմեց ձեռքս, որ անակնկալի եկա: Ինձ համար ամենամեծ գնահատանքն է:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ