ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Լիլիթ Մակունցը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հոկտեմբերի 25-ին Նյու Հեմշիրրում ելույթի` հայերին առնչվող հատվածը ԱՄՆ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման ակնարկ է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նույնական տեսակետ է հայտնել նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Դոնալդ Թրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը»,- նշել են պատգամավորներն ու բառացի մեջբերում արել Թրամփի ելույթից.
«Այստեղ ներկա է Հայաստանը, նայեք հայերին: Նրանք հիասքանչ մարդիկ են, նրանք կատաղի կռվողներ են, և, գիտե՞ք ինչ, մենք մի բան կանենք նրանց օգնելու համար: Նրանք դժվար օրեր են ապրում, բայց ես երեկ Օհայոյում էի, մենք Օհայոյում հանդիպեցինք հիանալի հայերի խմբի հետ, ովքեր դրոշով էին և իրենց ոգով: Այն խնդիրները, որոնք նրանք ունեն, մահերը, մարտերը (նկատի ունի՝ Ղարաբաղում- խմբ.) այդ ամբողջը կկարգավորվի: Ես կարծում եմ, որ հեշտ կկարգավորվի: Վերադարձեք և ասեք ձեր ժողովրդին, որ հարցը կլուծվի: Եթե գիտես ինչ ես անում, ապա ամեն ինչ հեշտ է, ինչպես Կոսովոյի դեպքում՝ Սերբիայում: Մենք դա արել ենք Կոսովոյի հետ. դուք կարո՞ղ եք ինձ հավատալ»:
Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Սակայն ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել էր հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։