Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին աշխարհի համար COVID-19 համավարակից առավել վտանգավոր է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է The National News-ը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է: Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, կա խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է արտասահմանում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- իր ղեկավարած կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում ասել է ընդդիմության առաջնորդ Դավութօղլուն:
Ահմեդ Դավութօղլուն 2003-2009թ. զբաղեցրել է Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը, 2009-2014թթ. եղել է Թուրքայի արտաքին գործերի նախարարը, իսկ 2014-2016թթ. զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը: