Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին օրենսդիրները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի համար նահատակված զինծառայողների հիշատակը:
Այնուհետև խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում առաջարկություններ չեն եղել, և կոչ արեց կողմ քվեարկել նախագծերին:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց երկու նախագծերին էլ:
Նշենք՝ օրենսդրական փոփոխությունները պայմանավորված են Հայաստանում աշխարհազորի ձևավորման և այդ աշխատանքները համակարգված ու արդյունավետ կատարելու անհրաժեշտությամբ։
Նախագծերով ենթադրվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կունենան նոր տեղակալ, որը կզբաղվի աշխարհազորի կազմակերպման և աշխարհազորային բրիգադի ղեկավարման աշխատանքներով։ Երևանի պարագայում նույնպես առաջարկվում է ավելացնել քաղաքապետի տեղակալների թիվը՝ 3-ից դարձնելով 4: Նա բացառապես և ուղիղ կզբաղվի աշխարհազորի կազմակերպման և ղեկավարման գործառույթով։
1lurer.am