Մի քանի օր է ադրբեջանական կայքերը գրում են, որ Արցախում ծանր վիրավորում է ստացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ Սերյան Օհանյանը, ով պատերազմը սկսվելուց ի վեր գտնվում է Արցախում։
Օհանյանը քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը վիրավոր չէ, ոչ մի վիրավորում չունի, այն էլ ծանր։ Դա ապատեղեկատվություն է. «Ես լավ եմ, ինձ հետ ոչինչ չի պատահել։ Իմ մոտ ամեն ինչ նորմալ է։ Մարտական գործողություններ են ընթանում, բայց ինձ հետ ամեն ինչ լավ է»,-ասաց Օհանյանը՝ հավելելով. «Ցավոք մեր մոտիկներից ունենք զոհեր, վիրավորներ ինչպես բոլոր ստորաբաժանումներից։ Պատերազմի բնույթը, պատերազմի դաժանությունների ընթացք է այդպիսին։ Դա նաև մեր բոլորի հպարտությունն է, որ մեր բոլորի ընկերների հերոսությունների շնորհիվ մենք կարողանում ենք մեր հայրենիքը պաշտպանել»,-ասաց Օհանյանը։
Կրկին անդրադառնալով իր կամ բարձրաստիճան այլ զինվորականների իբր մահվան կամ վիրավորվելու լուրերին, նկատեց, որ դա տեղեկատվական պատերազմի մաս է կազմում և մեր կողմից պատշաճ կերպով պետք է դրա հակագործողությունները կատարվեն. «Ես կարծում եմ, որ մեր կողմից էլ պատշաճ ձևով իրականացնում են հակագործողություններ»,-ասաց Օհանյանը։
Անդրադառնալով Շուշիի և հարակից շրջաններում ընթացող մարտերին Օհանյանը հորդորեց հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը. «Խնդրում եմ այդ թեմաների վերաբերյալ միայն պաշտոնական տեղեկատվություն ստանալ։ Ամեն ինչ գնում է ըստ պլանի»,-ասաց Օհանյանը։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում էր կատարել, նշել էր, որ այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: Արցախի նախագահը հատուկ շնորհակալութոյւն էր հայտնել Սերյան Օհանյանին։
«Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը: Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին:
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»,-գրել էր Արայիկ Հարությունյանը։