Նոյեմբերի 10-ին լրանում է լրագրող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի կասեցման մեկամսյա ժամկետը։ Սակայն հաղորդաշարն այլեւս չի լինի այն հեռուստաընկերության եթերում, որով հեռարձակվում էր։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Հայելու առաջ» հաղորդաշարը հեռարձակվում էր «Կենտրոն» հեռուստաընկերությամբ։ «Փաստաթղթեր են ստացել, որ այդ հեռուստատեսության հետ պայմանագիրը խզվել է եւ մենք այդ հաղորդումը չենք ունենա։ Իսկ մենք այդ հաղորդաշարը ոչ թե փակել ենք այլ կասեցրել, որպեսզի շտկի այն բովանդակությունը, որը հարիր չէ հայկական հեռարձակողին, ոչ էլ հատկապես հանրային մուլտիպլեքսում հեռարձակվողին»- ասաց Տիգրան Հակոբյանը։
ՀՌՀ նախագահը նաեւ հավելեց, որ այս մեկ ամսվա ընթացքում խստացված մշտադիտարկում են անցկացնում։ Նշեց, որ եւ դեզինֆորմացիայի մթնոլորտում ամենակարգապահն այն ընկերություններն են, որոնք լիցենզիա են ստացել հանձնաժողովի կողմից։ Դա նշանակում է, որ կարգավորման մեխանիզմներն էֆեկտիվ գործիք են, որպեսզի մարդիկ ստանան այն տեղեկատվությունը, որը այս կամ այն քաղաքական կամ ֆինանսական նպատականեր չի հետապնդում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում էլ որոշվել է, որ «Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինելու:
armtimes.com