ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանն ակնհայտ ագրեսիա է համարում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ՌԴ Մի-24 ուղղաթիռի խոցումը: Հարությունյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Ադրբեջանի հակաօդային ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում՝ երկրի դաշնակցի՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-24 ուղղաթիռ խոցելը ակնհայտ ագրեսիա է և հարձակում է թե Հայաստանի, և թե Ռուսաստանի վրա: Ադրբեջանի Հանրապետությունը ակնհայտ տեսնում էր, որ ուղղաթիռը թռնում է Հայաստանի տարածքով և ակնհայտ է, որ իրենից վտանգ չի ներկայացրել: Չնայած այդ հանգամանքին, իրենք օգտագործել են հակաօդային պաշտպանության միջոց և խոցել են ուղղաթիռը:
Մյուս կողմից, խոցվել է ռուսական 102-րդ բազայի ուղղաթիռը, իսկ հարձակումը ուղղաթիռների, օդանավերի վրա համարվում է հարձակում տվյալ պետության՝ Ռուսաստանի վրա, քանի որ օդանավը համարվում է տվյալ պետության տարածք: Այս դեպքում կոպտորեն խախտվել են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները»,- ընդգծեց Հարությունյանը:
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականը անհրաժեշտ է համարում նաև ուսումնասիրել Հայաստանի դաշնակցի ուղղաթիռի վրա հարձակմանը նաև Թուրքիայի անթաքույց մասնակցությունը, քանի որ ուղղաթիռը խոցվել է Նախիջևանից, իսկ այն գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ:
«Ակնհայտ է, որ ուղղաթիռի թռիչքի բնույթը և ուղղությունը չէր կարող ադրբեջանա-թուրքական կողմի համար ընդունվել որպես սպառնալիք, և այս առումով որևէ փաստարկ համոզիչ չէ: Սա նման է Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման՝ թուրքական ոճին»,- եզրափակեց Հարությունյանը:
Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայկական կողմը ռուսական կողմին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը ռուսական օդատիեզերական ուժերի ուղղաթիռի վթարի հանգամանքները պարզելու հարցում:
Ադրբեջանական կողմը խոստովանել է իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»: Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ է փոխհատուցում տրամադրել: