ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերի առթիվ քրեական գործերի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության շուրջ չորս տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից ներկայումս 10 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 5 անձ ձերբակալվել է, իսկ մնացած անձանց նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոցներ: Ընդ որում, նախաքննական մարմնի կողմից ձեռնարկված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել և քրեական հետապնդումներ հարուցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրած, ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ կամ գույքի ոչնչացում, վնասում իրականացրած, ՀՀ վարչապետին տրամադրված՝ Երևան քաղաքի Ձորափի 74 հասցեում գտնվող առանձնատնից գույքի բացահայտ հափշտակություններ կատարած անձանց նկատմամբ:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզաբանվել են նաև շուրջ յոթ տասնյակից ավելի անձանց ինքնությունը, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են որոնողական, փնտրողական աշխատանքներ:
Քրեական հետապնդումներ են հարուցվել և իրականացվել նաև սոցիալական ցանցերում լայն տարածում ստացած տեսագրություններում պատկերված անձանց գերակշիռ մասի նկատմամբ, այդ թվում՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած իգական սեռի երկու ներկայացուցիչների, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի, ՀՀ կառավարության շենքում՝ վարչապետի ընդունարանի դուռը վնասող, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում, ՀՀ Ազգային ժողովի շենքերում ջարդ, գույքի ոչնչացում կամ վնասում իրականացրած, «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում զանգվածային անկարգության կազմակերպիչների, նույն վայրում բռնություն գործադրելու կոչ անող անձանց, որոնց գերակշիռ մասը վարույթն իրականացնող մարմնին տվել է խոստովանական ցուցմունքներ և զղջացել կատարածի համար:
Միևնույն ժամանակ վարույթն իրականացնող մարմնի կողմից հետևողականորեն միջոցներ են ձեռնարկվել զանգվածային անկարգության կազմակերպիչներին կամ ղեկավարներին հայտնաբերելու ուղղությամբ, որի ընթացքում քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների մասնակիցների, դեպքին ականատես անձանց հարցաքննություններով, դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերված տեսախցիկների զննությամբ արդեն իսկ ձեռք են բերվել փաստական տվյալներ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, ունեցած դերակատարության և զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողությունները հենց դեպքի վայրում ղեկավարելու, ուղղորդելու վերաբերյալ: Մասնավորապես՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ զանգվածային անկարգությունների ընթացքում հատկապես հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների համախոհների ակտիվ դերակատարության վերաբերյալ, ովքեր աչքի են ընկել դեպքի վայրում գույքի ոչնչացում կամ վնասում իրականացնելու կամ նույնաբնույթ այլ ակտիվ վարքագծով:
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ զանգվածային անկարգության կազմակերպիչների կամ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։