Եթե հանրային մուլտիպլեքսում գործող որոշ հեռուստաընկերությունների ղեկավարներին, իրական կամ ստվերային սեփականատերերին թվում է, թե այս ծայրահեղ անկայուն իրավիճակում Հայաստանում դադարում են գործել Սահմանադրությունն ու օրենքները, ապա նրանք չարաչար սխալվում են:
Չորս օր առաջ ՀՌՀ-ն բարեկամաբար դիմեց բոլոր հեռարձակողներին իրավիճակը չսրելու կոչով: Ստիպված եմ կրկնել. հաշվեհարդարի կոչերը, բռնի կերպով սահմադրական կարգեր տապալելու գործողությունների քարոզչական ուղեկցությունը, տեղեկատվական սադրանքները չպետք է լինեն եթերում: Լուսաբանեք բողոքի ցույցերը, ամենայն դաժանությամբ քննադատեք, բայց եթերում խուլիգանություն մի արեք: Հանձնաժողովն արձանագրում է բոլոր իրավախախտումները եւ վարչական վարույթներ է բացում:
Եթե Հայաստանում իշխանափոխություն է հասունացել, ապա այն պետք է լինի անցնցում եւ իրավական: Սեղանին մեր պետության, մեր երեխաների ճակատագիրն է: Եթերային խուլիգանությունը պիտի բացառված լինի եւ այս, եւ ցանկացած այլ ճգնաժամային իրավիճակում: Անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին: Հակառակ դեպքում պատերազմում պարտությունը կվերածենք պետության պարտությանը:
P.S. Երկու օր առաջ ՀՌՀ դահլիճում ոգեշունչ ճառեր էիք արտասանում պետության եւ ժողովրդի առջեւ ձեր պատասխանատվության, էթիկական նորմերի պահպանման եւ այլի մասին: Էս ա՞ ձեր էթիկան ու պատասխանատվությունը: