Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են.
«Այսօր Le Figaro Magazine հանդեսում հրապարակվել է ֆրանսիացի 120 նշանավոր մշակութային գործիչների և մտավորականների կոչը՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։
Կոչին միացածների թվում են աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Կլաուդիա Կարդինալեն, Ժան Ռենոն, Ֆանի Արդանը, Դանի Բունը, Ժուլիետ Բինոշը, Պիեռ Ռիշարը, օսկարակիր դերասան Ժան Դյուժարդենը, ճանաչված մտավորականներ Ժակ Աթալին, Բեռնար-Անրի Լևին, համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորներ Կոստա-Գավրասը, Կլոդ Լըլուշը, Միշել Հազանավիչուսը, նշանավոր հեռուստատեսային գործիչ Ստեֆան Բեռնը և աշխարհառչակ խոհարար Ալեն Դյուկասը։
Ստորև՝ կոչի հայերեն թարգմանությունը․
Հայերի ճակատագիրը վայրագորեն խեղվեց Լեռնային Ղարաբաղում, որը նրանք Արցախ են անվանում։
Ավելի քան երկու հազարամյակ այս հողի վրա հեզ և հպարտ մարդիկ են ապրում, ովքեր ամուր կառչած են իրենց քարքարոտ և սքանչելի հողին։
Այդ մարդիկ ցանկանում էին իրենց գոյությունը շարունակել այն հողի վրա, որտեղ անառիկ լեռների սրտում և դառը քրտինքով մշակված հովիտներում նրանց նախնիններն են ապրել, տներ, դպրոցներ ու հրաշագեղ վանքեր կառուցել։
Մարդկային արժանապատվությունից զուրկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան և Իլհամ Ալիևի Ադրբեջանը կատաղի հարձակում գործեցին արցախահայերի դեմ՝ նրանց օրինական ձգտումը փոշիացնելու համար։
Հայերի համար Լեռնային Ղարաբաղը նախ և առաջ ժողովուրդ է՝ իր բազմադարյա մշակույթով, երաժշտությամբ, պարարվեստով, որը ցանկանում է աշխարհի քայլքին միանալ և ազատվել իրեն պարտադրված անկլավային կարգավիճակից։
Հակադարձ կերպով Բաքվի և Անկարայի իշխանությունների համար Արցախը սոսկ տարածք է, որտեղ պետք է ամեն գնով ծածանվի Ադրբեջանի դրոշը, և այդ նպատակին ծառայեցվեցին Թուրքիայի հատուկ ջոկատայինները, հակամարտության գոտում քաղաքացիական բնակությանը ոչնչացնելու համար Թուրքիայից ուղարկված մեծաթիվ մարդասպան անօդաչու սարքերը և ջիհադիստ վարձկանները։ Արդեն իսկ ապացուցված է, որ Ադրբեջանն Արցախում կասետային ռումբեր է օգտագործել, որոնք արգելված են միջազգային իրավունքով։ Սա միանգամայն անհավասար պատերազմ է եղել։
Հայերն այդ պատերազմը չեն ցանկացել, պատերազմը նրանց պարտադրվել է, և նրանք պայքար են մղել՝ հանուն իրենց գոյության։ Ադրբեջանական բռնապետության համար այս պատերազմը սոսկ ազգայնական փառասիրության հարց է։ Ադրբեջանի նախագահը պարզ և հստակ կերպով ի ցույց է դրել իր մտադրությունները, երբ Արցախի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի առաջին օրերին հայտարարում էր․ «Մենք դրանց շների պես կվռնդենք»։ Նա նույն այդ նախադասությունը կրկնեց Արցախի քաղաքացիական բնակչության արտաքսման պատճառ դառնալուց հետո՝ հայտարարելով, որ հպարտ է, որ իրագործել է իր զարհուրելի խոստումը։
XXI-րդ դարում մարդու հանդեպ այսօրինակ ատելությունը, ատելության նմանօրինակ պոռթկումը խորապես վրդովմունք է առաջացնում, որը բացարձակապես չի կարող տեղ գտնել ժամանակակից աշխարհում։
Ահա թե ինչու ես սատարում եմ Հայաստանին, ես սատարում եմ Արցախին»»:
Ambassade d’Arménie en France / ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում