ՌԴ ԱԻՆ օպերատիվ կենտրոնն աշխատանքը կոորդինացնում է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունների հետ, օպերատիվ խմբի աշխատակիցներն իրականացնում են վնասների գնահատում: Այդ մասին տարածաշրջանում ռուսական առաքելության թեմայով հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևը:
Նա նշել է, որ նախնական տվյալով՝ Լեռնային Ղարաբաղի 4 շրջանի 40 բնակավայրում ամբողջությամբ ավերվել է 284 շինություն, դրանց տեսակն ու բնույթն այժմ ճշտվում են: «Շինանյութի առաջին շարասյունն այսօր արդեն ուղևորվել է: Ռոստովի շրջանում իրականացվում է 300 տոննա շինանյութի բեռնումը»,- նշել է Զինիչևը՝ հավելելով, որ ևս 30 բեռնատար նոյեմբերի 21-ին կուղևորվի Լեռնային Ղարաբաղ:
Նախարարի խոսքով՝ առաջիկա օրերին ակնկալվում է 30 հազար տեղահանվածների վերադարձ Լեռնային Ղարաբաղ: «Գործող ենթակառուցվածքները թույլ են տալիս տեղավորել մինչև 5000 մարդու: Մնացած մարդկանց տեղավորելու համար մշակվում է մի քանի տարբերակ»,- ընդգծել է Զինիչևը:
Նա նշել է, որ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում՝ նախատեսվում է նաև համապատասխան դեղորայքի և սարքավորումների տրամադրում՝ առաջին օգնության ցուցաբերման համար:
«Միջգերատեսչական օպերատիվ կենտրոնում աշխատելու համար ուղևորվել են աշխատանքային խմբեր, որոնք բաղկացած են տեխնիկներից, հոգեբաններից և այլ մասնագետներից, ինչպես նաև կարող ենք տրամադրել հատուկ մասնագետների՝ բնակավայրերում չպայթած զինատեսակների վնասազերծման համար»,- ասել է Զինիչևը:
1lurer.am