Պուտինը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին հարցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջազգային իրավունքի տեսակետից՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մասն է, հետևաբար Ռուսաստանն իրավունք չուներ միջամտել տարածաշրջանում ռազմական գործողություններին: Կրեմլի ղեկավարն այս հարցի նրբությունները բացատրել է «Россия-1» հեռուստաալիքի եթերում:

«Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Սա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ հարակից բոլոր շրջանները եղել և մնում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի բաղկացուցիչ մաս»,- հայտնել է Վլադիմիր Պուտինը:

Պուտինը հիշեցրել է, որ ՀԱՊԿ պայմանագիրը փոխադարձ օգնություն նախատեսում է այս պայմանագրի անդամ պետության տարածքի դեմ ագրեսիայի դեպքում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա նման օգնությունը չի տարածվում, քանի որ «ոչ ոք ոտնձգություն չի կատարել Հայաստանի տարածքի վրա», որի արդյունքում Ռուսաստանն իրավունք չուներ անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին: Միևնույն ժամանակ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան ամբողջովին կատարել է իր պարտավորությունները Երևանի հետ ռազմատեխնիկական գործակցության շրջանակում, և «Հայաստանն իրեն լքված ու մոռացված չի զգացել»:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am