WarGonzo ծրագրի հեղինակ Սեմյոն Պեգովն օրերս հայտարարել էր, որ ապացույցներ ունի, որ Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել: Շուշիում գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները և անգամ նոյեմբերի 9-ի գիշերը նրանք պատրաստ են եղել առաջ շարժվել։ Նրա խոսքով՝ առավոտյան 5-ի սահմաններում հարյուրավոր զինծառայողներ պատրաստվել են օգնության հասնել Շուշիում գտնվողներին՝ քաղաքը ադրբեջանական խմբերից մաքրելու համար, սակայն նահանջի հրաման են ստացել:
Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ այդ հայտարարությունից. «Մենք Շուշիում մոտավորապես 300 զոհ ենք տվել, հիմա գնացեք, ինքներդ հաշվարկեք, թե ինչ է կատարվել։ Դա ես չպետք է ասեմ՝ հանձնվել է, թե ոչ։ Դա հատուկ հանձնաժողով պետք է լինի։ Մենք այստեղ էինք և ամեն օր Ստեփանակերտի վրա թափվում էին հարյուրավոր արկեր։ Հիմա ես ինչ ասեմ, ինչ է նշանակում հանձնվել է, թե ոչ։ Զանգեք Պեգովին և հարցրեք, որտեղից է իր այդ հայտարարությունների հիմքը։ Եթե այդ հիմքը կա, ապա պետք է ստեղծվի հանձնաժողով՝ հասկանանք՝ այդ մարդը ճիշտ է ասում, թե ոչ»։
Անդրադառնալով ֆեյսբուքյան այն քննարկումներին, թե նոյեմբերի 16-ին՝ պատերազմի ավարտից օրեր անց, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ վերականգնել է Շուշիի էլեկտրոէներգիան։ Իսկ ահա Քարվաճառի շրջանն ամբողջովին հոսանքազրկվել է և մարդկանց թողել են մութ դժոխքում։
Հարցին, թե որտեղից Շուշիին հոսանք այս օրերին, Բաբայանը նշեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել,դա պետք է պարզաբանի ՀԷՑ-ը, գուցե ադրբեջանցիներն արդեն գիծ են քաշել, ես չգիտեմ։ Դա ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչպես է էլեկտրաէներգիան գալիս։ Զանգեք համապատասխան մարմիններին»։
Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի այն բնակչների բողոքներին, թե իրենց նախօրոք չեն տեղեկացրել, որ պետք է լքեն համայնքը և վերջին պահին, երբ ցանկացել են գյուղ մտնել, ադրբեջանցիները հորն ու որդուն գերի են վերցրել, Բաբայանը նշեց, որ ինքը չի կարող այդ հարցերի պատասխանը տալ. «Ես նախագահի մամուլի խոսնակը չեմ, զանգեք իրեն, ես արտաքին հարցերով խորհրդականն եմ»։
Նշենք, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ոչ մի կերպ չի պատասխանում մեր հաղորդագրություններին ու զանգերին։