«Քանի որ գերիների մասով հարցումները շատ են, կուզեի մի քանի կետ պարզաբանել.
1. Միանշանակ, նրանց վերադարձը պետք է լինի պետական մարմինների առաջնահերթություններից մեկը, սակայն պետք է տարանջատել լիազոր մարմինները աջակից մարմիններից, ինչպես նաև՝ սուբյեկտիվ խնդիրները՝ օբյեկտիվ դժվարություններից: Լիազոր մարմինն այդ հարցում կառավարությունն է՝ ի դեմս համապատասխան հանձնաժողովի:
2. Որպես աջակից մարմին՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն առավելագույնս աջակցում է պետական ու միջազգային կառույցներին իրենց գործառույթների իրականացման հարցում: Մասնավորապես, բոլոր հնարավոր աղբյուրներից շարունակաբար հավաքագրում ենք տեղեկություններ ու փոխանցում նրանց, համապատասխան տեղեկություններ ենք տալիս գերիների հարազատներին ու նրանց փաստաբաններին, դիմումներ ու զեկույցներ ենք ուղարկում տարբեր միջազգային կառույցների ու որոշում կայացնողների և այլն: Օրինակ, անհայտ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ կատարել ենք մեծածավալ փաստահավաք գործունեություն և բացառիկ տվյալների շտեմարանը փոխանցել բոլոր լիազոր մարմիններին:
Նաև մեր ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի խումբ գերիների կյանքը և հստակեցնել նրանց մասին տեղեկությունները. արդեն զգալի հաջողություններ կան, սակայն արդյունքների առումով ավելի մանրամասն չեմ կարող ներկայացնել՝ հաշվի առնելով թեմայի նրբություններն ու գաղտնիության կարևորությունը գերիների համար:
3. Հարկ է հաշվի առնել, որ այս թեմայում առկա են բազմաթիվ նուրբ ու զգայուն հարցեր, և ավելորդ հրապարակայնացումը երբեմն վնասում է գործընթացին ու գերիների ճակատագրին: Այնուամենայնիվ, շատ կարևոր է, որ ընտանիքներն ու հանրությունը հնարավոր չափով իրազեկված լինեն գործընթացից ու արդյունքներից: Բացի դրանից, պետք չէ մոռանալ, որ գործընթացը կախված է առաջին հերթին ադրբեջանական կողմից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները:
4. Ակտիվ համագործակցում ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, և այսօր էլ իմ գործընկեր Արման Թաթոյանը հանդես է եկել մանրամասն պարզաբանումներով ու շեշտադրումներով, հղումը տեղադրում եմ մեկնաբանությամբ, որպեսզի մոտավոր նույն բաներն էլ ես չկրկնեմ»,- գրել է նա: