Իսրայելական բանակը օդային հարված է հասցրել Դամասկոսի նահանգի հարավին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական բանակի համապատասխան հայտարարությանը:
Զինվորականների խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը Գոլանի բարձունքներից: Սիրիական «Ալ-Վաթան» թերթն իր հերթին գրում է, որ ռմբակոծվել է Ալ-Կունեյտրա նահանգից հարավ գտնվող Մանեի բարձունքը:
Օդային հարվածի արդյունքում, սիրիական բանակի ներկայացուցիչների հաղորդմամբ, տարածքում գտնվող ենթակառուցվածքները նյութական վնաս են կրել: Արաբական հանրապետության հակաօդային պաշտպանությանը հաջողվել է մի քանի հրթիռ վերացնել:
Թել Ավիվի և Դամասկոսի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, պետությունները պատերազմում են միմյանց դեմ և հիմնականում, երկարատև տարածքային հակասություն ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի հարցում: