Ռուսաստանը մեծացրել է իր ռազմական ներուժը Լեռնային Ղարաբաղում և Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում՝ ասել է հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ կայացած ասուլիսում: ՆԱՏՕ-ն կքննարկի այդ ուժեղացման պատասխանը, ինչպես նաև կշարունակի ավելացնել իր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում՝ հայտնում է rbc.ru-ն:
«Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցը և տեղակայում նոր հրթիռներ: Այն նոր ուժեր է տեղակայում հեռավոր հյուսիսից մինչև Սիրիա և Լիբիա: Մենք տեսնում ենք նաև, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունն ուժեղանում է Բելառուսի և Լեռնային Ղարաբաղի ճգնաժամերի արդյունքում»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա ասել է, որ առաջիկա առցանց հանդիպմանը նախարարները կքննարկեն, թե ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն՝ ի պատասխան Ռուսաստանի ռազմական ակտիվության աճի:
Ստոլտենբերգը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր ուժերը կենտրոնացնել Սևծովյան տարածաշրջանում. «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Ղրիմում, ուստի պետք է ավելացնենք մեր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում և քննարկենք այս հարցը մեր գործընկերների՝ Ուկրաինայի և Վրաստանի հետ»:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ Սևծովյան տարածաշրջանում դաշինքը սերտորեն գործակցում է նաև Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի հետ: «ՆԱՏՕ-ն արդեն զգալի ռազմական ներկայություն ունի տարածաշրջանում, մենք վերջերս այնտեղ ծովային զորավարժություններ անցկացրինք»- ասել է Ստոլտենբերգը: